Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ կվերանորոգվի Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհը («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք)։ Մի քանի օր առաջ կայացած տենդերը շահել է «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերությունը: Վերանորոգման աշխատանքները կսկսվեն սեպտեմբերի 15-ից հետո:

Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին, մասնավորապես, Ախալքալաքի մուտքի մոտի 62-69 կմ ճանապարհահատվածը վտանգավոր է դարձել վարորդների համար: Այնտեղ առաջացած խորը փոսերը երթևեկության համար վտանգ են ստեղծում: Փոսերը սկսվում են հենց քաղաքից: Վարորդները դժգոհում են, որ այս ճանապարհով մեքենան վարելուց հետո այն պետք է վերանորոգման տանեն: Ժամանակ առ ժամանակ փոսերը լցվում են ավազով, բայց դա խնդիրը լուծում է միայն մինչև հաջորդ անձրևը:

Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհների վարչությունը, ընթացիկ տարվա հուլիսին՝ Ախալցիխե-Ախալքալաք ճանապարհի վերականգնման համար («Կորխիս Ծղալի» կամրջից մինչև Ախալքալաք) ճանապարհի վերականգնման համար տենդեր էր հայտարարել` 6 638 460.00 լարիի չափով։ Տենդերը շահել է «Ճանապարհաշինության վարչություն №1»-ը` 5 744 000.00 լարիի չափով:

Ըստ «Ճանապարհաշինության վարչություն №1» ընկերության տնօրեն Շոթա Աբուլաձեի, այս պահի դրությամբ ընթանում է փաստաթղթերի նախապատրաստումը։ Ըստ նրա, վերականգնողական աշխատանքները կսկսեն սեպտեմբերի երկրորդ կեսին։

Արդեն առաջին տարին չէ, ինչ խոստանում են վերականգել այս ճանապարհահատվածը: Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների առաջին փոխնախարար Իրակլի Քարսելաձեն 2019 թվականի մայիսին այցելել էր Ջավախք՝ խոստանալով, որ Ախալցիխե-Ախալքալաք մայրուղին կվերականգնվի: Սակայն 2019-ին այն չվերականգնվեց, իսկ 2020-ի սկզբից Ավտոճանապարհային վարչությունից խոստանում են, որ վերականգնման աշխատանքներ կտարվեն, բայց մինչ օրս այն չի վերանորոգվել:

Ախալքալաքի մունիցիպալիտետում Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության Ավտոճանապարհային վարչությունը նախատեսում է այս տարի իրականացնել երկու ենթակառուցվածքային նախագիծ: Առաջին նախագիծը Կորխի կամրջից դեպի Ախալքալաք տանող ճանապարհի մուտքի մոտի 6 կիլոմետրանոց հատվածի վերականգնումն է, իսկ երկրորդ նախագիծը` Հայաստան և Թուրքիա տանող երկու մայրուղին իրար կապող 2,5 կմ ճանապարհահատվածի վերականգնումը:

Բրատիսլավ Իգիթխանյան