Ախալքալաքում H1N1 վարակ չի գրանցված, այլ հակառակը՝ սուր շնչառական վարակների նվազում է նկատվում, այս մասին տեղեկացանք Ախալքալաքի Առողջապահական հասարակական կենտրոնից:

Հայաստանում H1N1 վարակի առկայությունը Ախալքալաքում ևս մեծ մտավախություն է առաջացրել: Մոտ օրերս Ախալքալաքում լուր տարածվեց, որ խոզի գրիպից մարդ է մահացել: Սակայն ինչպես պարզվեց, մահացող 52 ամյա տղամարդը, ով ապրել է նախկին զինվորական ավանում, տառապել է այլ հիվանդությամբ: Երևանում մեկ տարի առաջ Մ. Խանախյանը սիրտն է վիրահատել: Վերջինս նաև թոքերի հետ կապված խնդիրներ է ունեցել: Եվ յուրաքանչյուր թեթև մրսածություն Խանախյանին հակացուցված էր: Նրա մոտ հիվանդությունը կրկնվել է, օրգանիզմը չի կարողացել դիմադրել:

Ախալքալաքի Շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Թորոյանի խոսքով անհանգստանալու առիթ չկա:
«Մեզ մոտ H1N1 վարակով հիվանդության դեպք չի գրանցվել: Նախ ասեմ, որ մեր հիվանդանոցում վարակի բացահայտման և ախտորոշման համար անհրաժեշտ սարքավորումներ չկան: Աննշան կասկածի դեպքում հիվանդին ուղարկում ենք այլ հիվանդանոց, սակայն մինչ օրս դեպքեր չեն գրանցվել: Օրական ընդամենը 2-3 մարդ է գրիպով գալիս հիվանդանոց, որ սովորական երևույթ է: Նույնիսկ սուր շնչառական հիվանդությունների նվազում է նկատվում: Այնուամենայնիվ բնակչությանը կոչ եմ անում զգույշ լինել և անպայման դիմել բժշկի հիվանդության հետագա վտանգավոր զարգացումներից խուսափելու համար»,- ասաց նա:

H1N1-ն սուր վարակիչ շնչառական հիվանդություն է, որը տարբերվում է սեզոնային A/H1N1 գրիպից։ Այս վիրուսը 2009 թ.-ին կրկին ի հայտ է եկել՝ նոր գենետիկական ձևի ներքո և փոխանցվում է մարդուց մարդ։ Այս վիրուսի նախանշանները մեծահասակների մոտ. շնչառության դժվարություն, ցավ կամ ճնշում կրծքավանդակում, հանկարծակի հոգնածություն, շփոթվածություն, կրկնվող փսխումներ, բարձր ջերմություն: Իսկ երեխաների մոտ՝ արագ շնչառություն կամ շնչառության դժվարացում, մաշկի կապտում, հեղուկի քիչ ընդունում, գրիպի նախանշաններ, որոնք սկզբնապես անհետանում են, սակայն նորից հայտնվում՝ ավելի ծանր ձևով, ցան, ախորժակի բացակայություն, անարցունք լաց և այլն:

Աղունիկ Այվազյան