Մոդեգամը գյուղից Սպարտակ Տիտոյանը մանկուց սիրել է դելտապլանով թռչել։ Այսօր էլ նա շարունակում է թռչել և գյուղ այցելողներին գրավիչ դարձնել ծննդավայրը:

Հինգ տարեկան հասակում Ախալքալաքի շրջանի Մոդեգամ գյուղից Թբիլիսի տեղափոխված Սպարտակ Տիտոյանը երբեք չի կտրվել հայրենի գյուղից, ամեն տարի ամռանը նա գյուղ է գալիս, որպեսզի կարողանա դելտապլանով թռչել։

Նրա մեջ սերը դեպքի թռիչքն ու դելտապլանը սերմանել է օդաչու եղբայրը։ Սպարտակը հիշում է առաջին անգամ դելտապլանով թռել է 17 տարեկան հասակում: Ռուսթավ քաղաքի սարից թռնելով նա մի քանի րոպե օդում անշարժ դիրքում է հայտնվել, որը երբեք չի մոռանում:

«Գոյություն ունի դելտապլանի արագություն և քամու արագություն, եթե գումարենք կարող է դառնալ 0, հենց այդպես էլ ես այդ սարի վրա 15 րոպե կախված եմ մնացել, ոչ ետ, ոչ առաջ։ Այդ թռիչքից հետո դելտապլանը ջարդեցի և գնացի բանակ»,- ծիծաղով հիշում է Սպարտակ Տիտոյանը։

titoyan

Ինչպես մեր հերոսն է պատմում՝ դելտապլանով թռչելու համար առաջին հերթին մարդ պետք է գոնե մի քիչ արկածախնդիր լինի և զգա թռիչքի ազատությունը:

«Եթե սիրահարվես դելտապլանին, ուրեմն գործդ «խարաբ» է: Իրականում ես սիրում է թռիչքի ազատությունը, թռչելն ինձ համար տարերք է», – նշում է նա։

Սպարտակ Տիտոյանը 3 դելտապլան ունի: Ինչպես ինքն է ասում նախ մի տարի հետաքրքրվել է դելտապլանով, ուսումնասիրել կառուցվածքը, և միայն դրանից հետո է սկսել թռչել սիրելի սարքով:

Սպարտակը վստահեցնում է, եթե կոմունսիտների ժամանակ Վրաստանում մոտավոր 10 հոգի կային, ովքեր թռչում էին դելտապլանով, ապա հիմա ամբողջ Վրաստանում ընդամենը երեք հոգի են:

Դելտապլանով թռչելը մեր հերոսի սիրած զբաղմունքն է, իրականացված երազանքը։

Առանձնակի սիրով ու շտապողականությոմաբ սկսում է հավաքել դելտապլանը և առաջարկում է մեզ օգնել իրեն: Հեռախոսը մի կողմ դնելով միացնում է ռադիոն և երաժշտության մեղմ հնչյունների ներքո սկսում հավաքել սիրելի սարքը և պատրաստվում թռիչքի:

«Պետք է ուշադիր հավաքես, որ բոլոր դետալները տեղում լինեն, այս գործում սխալվել չի կարելի»,- նշում է Սպարտակը, և հավելում՝ «Հիմիկվա երիտասարդները շատ ծույլ են, դաժան ուսուցիչներ չեն սիրում, իսկ դելտապլանը սխալներ չի սիրում, ես մի անգամ սխալվեցի և ձեռքս ջարդեցի»:

Սպարտակ Տիտոյանը պարագլայդինգը յուրահատուկ, սակայն միաժամանակ վտանգավոր սպորտաձև է անվանում։ Ջավախքում այս սպորտաձևը զարգացնելու նախադրյալներ չի տեսնում, ինչպես ինքն է ասում՝ այսօրվա երիտասարդությունը լուրջ չի վերաբերվում պարագլայդինգին:

Նա պատրաստ է երիտասարդներին փոխանցել իր փորձն ու գիտելիքները, եթե երիտասարդները դելտապլանով թռչել սովորելու լուրջ նպատակներ ունենան:

«Դելտապլանով թռչել սովորելու համար առաջին հերթին համբերություն է պետք, մի քիչ արկածախնդրություն և համարձակություն: Եթե հիմա երիտասարդները ցանկանան մեծ սիրով կսովորեցնեմ», – ասում է Սպարտակը:

Վերջինս դժվարանում է հաշվարկել, թե կոնկրետ քանի ժամ է օդում անցկացրել ամբողջ կյանքի ընթացքում, սակայն առանձնակի ոգևորությամբ է նշում Աբուլ սարից իր թռիչքների մասին:

titoyan5

Դելտապլանը (hang glider) արագ թռչող սարք է, որը մեծ հնարավորություններ ունի և յուրահատուկ է նրանով, որ կարողանում է բարձրություն հավաքել առանց շարժիչի կամ այլ տեսակի սարքավորումների, օգտվելով միմիայն բնության երևույթներից: Դելտապլանի արագությունը կարող է հասնել 150 կմ/ժ-ի, կորցնելով 1 մետր 1 վայրկյանում։ Դելտապլանով հնարավոր է եղել թռչել 764 կմ, իսկ բարձրության ռեկորդն է 11000 մետր։ Հատկապես գնահատվում է օդաչուի մարմնի դիրքը թռիչքի ընթացքում (ճիշտ թռչունների պես): Դելտապլանով թռիչքի մեկնարկն ու վայրէջքը կատարվում է ոտքերի վրա:

Գայանե Ակոջյան