Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը կախված է ՌԴ-ի իշխանությունների որոշումից և համաճարակաբանական իրավիճակից: Այս մասին այսօր Խաշուրիի շրջանցիկ ճանապարհի բացումից հետո լրագրողներին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան:

Պատասխանելով լրատվամիջոցների հարցերին՝ Գախարիան շեշտել է, որ ուղիղ ավիաչվերթները դադարեցնելու մասին որոշումը կայացվել էր ռուսական կողմից:

«Վրաստանը չի դադարեցրել ավիաչվերթները Ռուսաստանի Դաշնության հետ: Դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից (որոշումից) և համաճարակաբանական իրավիճակից՝ ինչպես Ռուսաստանի Դաշնությունում, այնպես էլ Վրաստանում», – հայտարարել է վարչապետը:

Ավելի վաղ, այս շաբաթվա սկզբին, հարցազրույցներից մեկում, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Վրաստանի հետ օդային հաղորդակցությունը կվերականգնվի:

Մեկնաբանելով նրա հայտարարությունը՝ Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան հայտնել էր, որ Թբիլիսին դեռևս պաշտոնական առաջարկներ չի ստացել ռուսական կողմից ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ: Իր հերթին, Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Վրաստանի վարչապետի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն նշել էր, որ Թբիլիսին «շահագրգիռ է և շարունակում է մնալ այդպիսին» ավիաչվերթների վերսկսման հարցում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2019-ի հուլիսի 8-ից դադարեցրել է ուղիղ ավիաչվերթները Վրաստանի հետ Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ցույցերի ֆոնին, որը սկսվել է երկրի խորհրդարանում ելույթ ունենալուց հետո Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի կողմից, որը հրավիրվել էր Վրաստան՝ որպես Ուղղափառ համաժողովի մասնակից:

Կորոնավիրուսի համավարակի ֆոնին, մարտից ի վեր, Վրաստանը դադարեցրել է կանոնավոր ավիաչվերթները բոլոր երկրների հետ: Իշխանությունները խոստացել էին ընդունել միջազգային ճանապարհորդներին հուլիսի 1-ից, բայց հետո հայտարարվեց, որ աշխարհում ստեղծված համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով կանոնավոր միջազգային ավիաչվերթների վերսկսումը հետաձգվել է մինչև օգոստոսի 1-ը: Արգելքը երկարաձգվեց երկու անգամ: Համաձայն վերջին որոշման՝ կանոնավոր միջազգային ավիաչվերթների սահմանափակումը ուժի մեջ է լինելու մինչև սեպտեմբերի 30-ը:

Հուլիսի կեսերին Վրաստանը թույլ տվեց կանոնավոր ավիաչվերթներ իրականացնել հինգ երկրների հետ: Դրանք են՝ Գերմանիան, Ֆրանսիան, Լատվիան, Լիտվան և Էստոնիան: Այս երկրների քաղաքացիներն ու բնակիչները Թբիլիսի ժամանելուց հետո ստիպված չեն անցնել կարանտին:

Նյութը՝ «Новости-Грузия»-ից