JNEWS.GE լրատվականը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը և ցանկանում ամենայն բարիք: Մենք աշխատանքները կվերսկսենք տոներից հետո՝ 2016 թվականի հունվարի 15-ից:

Թող գալիք տարին լի լինի հաջողություններով, անթիվ-անհամար ժպիտներով, սիրով ու ջերմությամբ, թող նոր տարին իր հետ բերի սեր, երջանկություն ու անմոռանալի հիշողություններ… թող ամեն վատ բան մնա անցնող տարում, իսկ նորը լինի նորանոր ձեռքբերումների ու ստեղծագործական բուռն տարի: Ջավախքում կան ու ապրում են մարդիկ, ովքեր անկախ ամեն ինչից շարունակելու են ապրեցնել ու շենացնել այս բնակավայրը։ Ոչինչ չի վերջանում, այլ սկսվում է: Ամանոր է՝ նորի սկիզբ բոլոր իմաստներով։

Թող գալիք տարում չպակասի արդարության հաղթանակի նկատմամբ բոլորիս հավատը։ Հանդուրժող ու բարի լինենք միմյանց հանդեպ: Անցնող 2015-ը դժվար տարի էր, մեզ համար մեծ ցավ էր լինել գյուղերում՝ տեսնել «մեռնող» գյուղ, հասկանալ հեռացողի ու մնացողի տրամաբանությունը: Նայել միայնակ ապրող ծերերի կարոտով մարող աչքերի մեջ ու շարունակել հույս փայփայել լուսավոր գալիքի: Եկեք հավատանք կենսախինդ մանուկների անկեղծ աչուկներին, ստեղծենք ու ճանապարհ հարթենք ներկայի ու գալիքի համար:

Մեզանից յուրաքանչյուր ոք շատ բան կարող է փոխել՝ նախ սեփական գիտակցության տիրույթում, հետո նոր շրջապատում: Թող գալիք տարին ջավախքցիներին բերի հոգեկան անդորր ու բարօրություն, ողջախոհ քայլեր կատարելու մարդուն ի վերուստ տրված իմաստնություն: Մարդկային փոխհարաբերություններում ամենակարևորը վստահությունն ու նվիրվածությունն է: Եկեք անկեղծ նվիրվածությամբ և վստահելով մեր ուժերին բարին արարենք:

Սիրելի ընթերցողներ, մարդիկ, իշխանավորներ, քաղաքացիներ, ընկերներ, բարեկամներ, ծանոթներ ու անծանոթներ` առանց ձեզ մեր գոյությունն անիմաստ է. Բարին ընդ Ձեզ…