Ախալքալաքի մունիցիպալիտետում գրանցված է 559 առաջին դասարանցի: Նոր ուսումնական տարվանից բոլոր առաջին դասարանցիները կստանան նեթբուքեր, բայց այդ թիվը վերջնական չէ, քանի որ շարունակվում է գրանցման գործընթացը:

Ըստ Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի, Ախալքալաքի մունիցիպալիտետում 2020-2021 ուսումնական տարվա համար գրանցված են 559 առաջին դասարանցիներ, և ուսումնական տարվա սկզբից բոլոր դասարանցիները կստանան «ACER» ապրանքանիշի նոր նեթբուքներ:

«Մինչ օրս գրանցվել է 559 առաջին դասարանցի, բայց այդ թիվը վերջնական չէ», – ասաց Ախալքալաքի կրթական ռեսուրս կենտրոնի տնօրեն Թերեզա Չիվչյանը:

Նախորդ տարիների համեմատ, այս տարի նույն փուլում գրանցվել են ավելի քիչ առաջին դասարանցիներ։ Անցած տարի նրանց թիվը 604 էր, իսկ 2018-ին` 694:

Ամեն տարի Վրաստանի դպրոցներում նեթբուքերը հանձնվում են մոտավորապես 50 հազար առաջին դասարանցիների: «Իմ առաջին համակարգիչը» պետական ​​ծրագիրը Վրաստանում սկսվել է 2010 թ.-ին։ Այդ ժամանակ միայն մի քանի դպրոց էին ստացել նեթբուքեր: Արդեն 2011-ին դրանք հայտնվեցին յուրաքանչյուր առաջին դասարանցու սեղանին:

Նեթբուքներում ներբեռնված են տարբեր կրթական ծրագրեր՝ վրացերեն և օտար լեզու, մաթեմատիկա և տրամաբանություն, դպրոցական և արտադպրոցական ուղեցույցներ, ուսումնական և ճանաչողական խաղեր: