«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) տարեվերջին ջավախքցի 132 բազմազավակ ընտանիքների անակնկալ պարգևավճարներ բաժանեց:

Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին ՋԱՀ-ի ներկայացուցիչները Նինոծմինդայի «Ռաֆայել Ջավախ» կրթամշակութային երիտասարդական կենտրոնի դահլիճում հանդիպեցին շահառուների հետ և հանձնեցին պարգևավճարները: Այստեղ պարգևավճարներ ստացան ոչ միայն Նինոծմինդայի բնակիչները, այլ նաև Ծալկայի շրջանի շահառուները:

Դեկտեմների 28-ին ժամը 12:30-ին հիմնադրամի ներկայացուցիչները ք. Ախալքալաքի Ապագայի տանը հանդիպեցին Ախալքալաքի և Բորժոմի շրջանների շահառուների հետ և հանձնեցին պարգևավճարներ:

Նույն օրը «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի թիմը ժամանեց Ախալցիխե, որտեղի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնում իրենց պարգևավճարներին էին սպասում Ախալցիխեի շահառուները: Նույն օրը՝ երեկոյան, նույն նպատակով այցելեցին գյուղ Դամալա:

«Հանձնվող փաթեթը իր մեջ բացի գումարից ներառում է նաև շնորհավորագիր, և ամանորյա քաղցրավենիք: Պետք է ասեմ, որ ոչ թե օգնություն ենք տալիս, այլ պարգևավճար, որովհետև այսպիսի յուրաքանչյուր ընտանիք արժանի է պարգևի»,- մեզ հետ զրույցում ասաց ՋԱՀ-ի իրավաբան Սամվել Մկոյանը:

Նշենք, որ ՋԱՀ-ը 2014թ.-ի հունվարի մեկին ձեռնամուխ եղավ «Աջակցություն Ջավախքի բազմազավակ ընտանիքներին» ծրագրի իրականացմանը:

Պարգևավճարների հանձնման կարգն ու սկզբունքը հետևյալն է՝ յուրաքանչյուր ընտանիքի 3-րդ երեխայի համար հատկացվում է 1000 լարի, չորրորդի համար՝ 2000 լարի, ինչպես նաև 6-ից ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքիներին ՋԱՀ-ը հանձնում է 2000 լարի պարգևավճար:

Ջուլիետա Տոնականյան