Ազատություն փողոցի վերջնամասի (գազալցակայանի դիմաց) հիմնանորոգման տենդերը չի կայացել դրանում մասնակցել ցանկացողների բացակայության պատճառով, սակայն, ինչպես հայնտեցին Ախալքալաքի քաղաքապետարանից, շուտով տենդերը կրկին կհայտարարվի:

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից հատկացվել է 42 920 լարի Ազատություն փողոցի վերջնամասի (գազալցակայանի դիմաց) հիմնանորոգման համար:

Ազատության փողոցի վերջնամասն արդեն մի քանի տարի է վարորդների համար մղձավանջ է դարձել: Ճանապարհի այս հատվածում փոսերը շրջանցելու համար մեքենաները հաճախ անցնում են հանդիպակաց գոտի կամ մայթեզրեր՝ ստեղծելով վթարային իրավիճակ:

Ըստ Ախալքալաքի քաղաքապետարանի Էկոնոմիկայի և ենթակառուցվածքների վարչության մասնագետ Ռազմիկ Նահատակյանի, Ազատություն փողոցի վերջնամասի 58.6 մետր երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման տենդերը չի կայացել, թեպետ այն կհայտարարվի մոտ ժամանակներում:

Ըստ նրա, տենդերը տեղի չի ունեցել ոչ միայն այս հատվածի վերանորոգման համար, այլև փոսային նորոգման համար:

«Ես չգիտեմ, թե ինչու չի կայացել, ոչ ոք չի զանգահարել և չի էլ հետաքրքրվել այս տենդերով: Շուտով մենք ևս մեկ անգամ կհայտարարենք տենդեր այս հատվածի վերանորոգման և փոսային նորոգման համար միասին», – ասում է նա:

Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 16-ին՝ Jnews-ին տված հարցազրույցի ժամանակ, Քաղաքապետարանի ֆինանսական ծառայության ղեկավար Մկրտիչ Մղդեսյանն ասել էր, որ ընկերությունը պետք է վերանորոգեր այդ փոսերը դեռևս 2018 թ.-ին:

2019 թվականին, Ախալքալաքում փոսային նորոգման տենդերը հայտարարվել էր բավականին ուշ, քաղաքապետարանը և կապալառուն ոչ մի կերպ համաձայնության չէին գալիս անցած տարվա վերանորոգման հարցի շուրջ, սակայն, ի վերջո, 2019թ.-ի մայիսին նրանք պայմանավորվեցին, և ընկերությունը կատարեց անցած տարվա չիրականացրած աշխատանքը: Ախալքալաքում 2018 թ.-ին երկու անգամ փոսային նորոգման տենդեր էր հայտարարվել, և երկու անգամն էլ շահել էր «Ջավախ Ավտո Գզա» ընկերությունը:

Բրատիսլավ Իգիթխանյան