Ե՞րբ է սկսվել երեկվա վիճաբանությունը, ինչի՞ է սպանվել Կուլիկամ գյուղի բնակիչ Վ. Միրանյանը, ի՞նչից են սկսվել զանգվածային անկարգություններն Ախալքալաքում և հետևանքները:

Երեկ, օգոստոսի 8-ին, երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում Ախալքալաք քաղաքի կենտրոնում թեթև վիճաբանության ժամանակ հրազենային կրակոցից մահացել է Կուլիկամ գյուղի բնակիչ 27-ամյա Վ. Միրանյանը, որից հետո Ախալքալաքում սկսվել են անկարգություններ: Տեղում մոբիլիզացված էր հատուկ ջոկատայիններն ու ոստիկանական ուժերը:

Jnews-ը երեկվա իրադարձությունների մասին փորձեց ճշտել ականատեսներից.

Մեր զրույցակիցներից մեկի պատմելով երեկ՝ օգոստոսի 8-ին տեղի ունեցած սպանությունից առաջ՝ առավոտյան և կեսօրին երկու անգամ վիճաբանություն է եղել՝ Կուլիկամցիների և Ա. Գաբրիելյանի և ընկերների միջև: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ Կուլիկամ գյուղից մի երիտասարդի են քաղաքում ծեծել և վիրավորել, որից հետո Կուլիկամի երիտասարդները եկել են քաղաք պարզաբանելու: Սակայն ինչպես երևում է կողմերը չեն կարողացել մինչև վերջ հարցերը պարզել և արդեն երեկոյան մոտավոր ժամը 19:00-ից հետո քաղաքի հենց կենտրոնում՝ Մաշտոցի հրապարակի վրա, փողոցի մեջտեղում հրազենային կրակոցից սպանվել է Վ. Միրանյանը: Ականատեսներից մեկի պատմելով, միջադեպից ընդամենը րոպեներ առաջ ինքը (Խմբ. ճանաչել է սպանվածին) զրուցել է սպանվածի հետ, հարցել է ի՞նչ է անում քաղաքում, ի՞նչ կա չկա, սպանվածն ասել է, որ քաղաք է եկել գյուղի ճանապարհի սաֆալտպատման հարցով և որ ամեն ինչ կարգին է: Սակայն այս կարճատև զրույցից ընդամենը մի քանի րոպե անց, փողոցի մեջտեղում նա սպանվել է:

4

Մեկ այլ ականատեսի խոսքերով, դեպքն այնքան արագ է եղել, որ նույնիսկ չեն հասկացել ինչ է կատարվում, «ԱրտՍեգ» հյուրանոցի սեփականատեր Արթուր Գաբրիելյանը կրակել է սպանվածի ուղիղ սրտին, չնայած նրան անմիջապես տեղափոխել են Ախալքալաքի շրջանային հիվանդանոց, սակայն նա մահացած է եղել: Կրակոցները շարունակվել են նաև հիվանդանոցի բակում, Ա. Գաբրիելյանը և ընկերները խոչընդոտել են, և կրակի տակ են պահել սպանվածին տեղափոխող մեքենան, հիվանդանոցի դարպասների մոտ երիտասարդին տեղափոխող մեքենան շրջվել է: Արդեն հիվանդանոցի բակում առավոտվանից սկսված իրադարձություններին փորձել է միջամտել ոստիկանությունը:

mashini

Կուլիկամցիները փորձել են վրեժխնդիր լինել՝ այրելով Արթուր Գաբրիելյանի սեփական տունը, հոր՝ Սամվել Գաբրիելյանի սեփական տունը, ինչպես նաև Գաբրիելյաններին պատկանող «ԱրտՍեգ» հյուրանոցը: Այրել են նաև կռվի մասնակիցների՝ Գենա Զարմարյանի և Կարեն Քոսյանի տները, որոնք Արթուր Գաբրիելյանի ընկերներն են: Հատկանշական է, որ բոլոր այրված տներում մարդ չի եղել և ոչ ոք չի տուժել:

Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ երեկվա պարզ վիճաբանությունը պարզապես հարմար առիթ է եղել վրեժխնդիր լինելու: Բանն այն է, որ ըստ խոսակցությունների՝ մոտավոր 3-4 տարի առաջ կուլիկամցիները խնդիր են ունեցել «ԱրտՍեգ» հյուրանոցի տնօրինության հետ: Այդ ժամանակ միջադեպը հարթվել է, սակայն Արթուր Գաբրիելյանը սպառնացել է:

Սպանության կադրերը տեսած մարդկանցից մեկի պատմելով, դեպքի վայրում երկու խումբ երիտասարդներ են հավաքված եղել, մոտավոր 10-12 հոգի, վերևից մերսեդես մակնիշի մեքենան եկել ու կանգ է առաել անմիջապես հավաքվածների մեջտեղում, որից հետո անմիջապես սկսվել է իրարանցում, հնչել են կրակոցներ: Կրակելուց հետո Արթուր Գաբրիելյանին խմբով սկսել են ծեծել մինչև հասկացել են, որ վիրավոր մարդ կա, անմիջապես Վիլիս մակնիշի մեքենայում Վ. Մ-ին տեղափոխել են հիվանդանոց և կողմերը ցրվել են: Տեսանյութը տեսածի պատմելով երկու կողմն էլ զինված է եղել, եթե մի կողմերից մեկը զենք է ունեցել ձեքին, ապա մյուս կողմը՝ մահակ:

Թե ինչի սպանության և սպանության նախորդած երկու վեճերին չի խառնվել ոստիկանությունը պարզ չէ: Քաղաքում պնդում են, որ եթե ժամանակին ոստիկանությունը միջամտեր, ապա անդառնալի կորուստ չէր լինի:

Սպանությունից անմիջապես հետո Ախալքալաքում մեծ թվով հատուկ ջոկատայիններ ու ոստիկանական ուժեր են կուտակվել: Ախալքալաքում էր նաև Սամցխե-Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին:

Երեկ քաղաքում անկարգությունները հանդարտվել են միայն հատուկ ջոկատայինների և ոստիկանության մեծաթիվ ուժերի կուտակումից հետո:

Գիշերը սպանված երիտասարդի դին արդեն տեղափոխել են Կուլիկամ: Այսօր, ինչպես Կուլիկամ գյուղում, այնպես էլ քաղաքում և քաղաքին մուտքերին ուժայինները հսկում են իրավիճակը: Իրավիճակը հարաբերական հանգիստ է: Կուլիկամում սգում են երիտասարդի մահը:

Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում, դեպքից ժամեր անց ձերբակալվել է Արթուր Գաբրիելյանը՝ (ծնված՝ 1983 թ.-ին)՝ կանխամտածված սպանության և ապօրինի կերպով հրազեն ձեռքբերելու, պահելու և օգտագործելու մեղադրանքով:

JNEWS-ը հետևում է իրադարձությունների զարգացման ընթացքին: