Երեկ Կարծախում քննարկվել է հողերի բաժանման հարցը: Խոտհարքերը գյուղին է հատկացվել Ջավախքի ազգային պարկի ձևավորումից հետո: Սակայն մինչև հիմա այդ տարածքներում Կարծախ գյուղի ոչ բոլոր բնակիչները կարող էին խոտհունձ անել: Կոնֆլիկտն առաջացել է այդ տարածքները օգտագործողների և նրանց միջև, ովքեր ցանկանում են հողամասը հավասարապես բաժանել արոտավայրերի և խոտհարքի համար:

Երեկ Կարծախ գյուղի բնակիչները բարձրացել էին այն տարածք, որտեղ գյուղի խոտհարքերն են: Ժամանակին գյուղի բնակիչներին այդ հողը հատկացվել էր Ջավախքի ազգային պարկի կողմից, որպեսզի նրանք կարողանային խոտ հնձել, քանի որ Կարծախի բնակիչները հիմնականում զբաղվում են անասնապահությամբ: Ինչպես մեզ պատմեցին գյուղացիները, այդ ժամանակից ի վեր այդ տարածքում խոտը հնձել են հիմնականում նախկին գյուղի պաշտոնատար անձինք` պատգամավորը, գյուղում քաղաքապետի ներկայացուցիչը և նրանց համախոհները:

Երեկ կոնֆլիկտ է տեղի ունեցել, ներկա իշխանության ներկայացուցիչների, որոնք աջակցում են բնակչությանը, և այն մարդկանց միջև, ովքեր այս ժամանակահատվածում խոտ են հնձել: Գյուղացիները Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նախկին պատգամավոր Աբրահամ Կարապետյանի և նախկին լիազոր Ատոմ Հողմրցյանի ու նրանց համախոհների անուններն են տալիս:

Կարծախ գյուղից Սակրեբուլոյի պատգամավոր Վարդան Պապոյանը հաստատում է, որ Ջավախքի ազգային պարկի կողմից հատկացված հողերը գյուղում երեկվանից սկսել են բաժանել, ինչը տարաձայնության պատճառ է դարձել:

«Այո, մենք հավաքվել ենք և որոշում ենք, թե ո՞ւմ և որքա՞ն հող հատկացնել: Մինչ այդ հողը օգտագործում էին մի քանի հոգի, բնակչությունը դժգոհ էր դրանից և որոշեց բարձրացնել այս հարցը: Այս հողը պետական սեփականություն է, պատկանում է Ջավախքի ազգային պարկին, և այն չի կարող վարձակալվել կամ գնել ու վաճառել: Հողը պատկանում է բոլոր գյուղացիներին», – JNEWS-ի հետ հեռախոսազրույցում ասաց Վարդան Պապոյանը:

JNEWS-ը կապ հաստատեց նաև Աբրահամ Կարապետյանի հետ, ով չմեկնաբանեց համագյուղացիների հայտարարությունն այն մասին, որ այս տարածքում կարծախցիներին թույլ չեն տալիս խոտ հնձել:

«Չգիտեմ, թե ինչ ասեմ: Չեմ ուզում ասել այն, ինչը սխալ է: Ես դրա հետ կապ չունեմ», – ասաց Աբրահամ Կարապետյանը` Ախալքալաքի Սակրեբուլոյի նախկին պատգամավորը:

Ատոմ Հողմրցյանը նույնպես չի հաստատեց այս տեղեկատվությունը:

«Ես այնտեղ հող չունեմ, չգիտեմ: Ով ուզել է, նա էլ խոտը հնձել այնտեղ: Իսկ եթե մարդ չի ուզում, չես կարող ստիպել: Հիմա, երևի մտածել են, որ անցել է ժամանակ, և այս տարի խոտի պակաս կա, կամ էլի ինչ-որ բան: Չգիտեմ, բնակչությունը կամ ղեկավարությունը ցանկանում է բաժանել: Եվ, հավանաբար, այնտեղ վիճում են, համաձայն չեն: Ես այնտեղ չկամ, իմ անասունները հիվանդ են, ես զբաղված եմ դրանով, ես գիտեմ, որ նրանք բարձրացել են այնտեղ և վիճում են»,- ասաց Ատոմ Հողմրցյանը:

Ըստ Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրևելիի, նա երեկ եղել է Կարծախ գյուղում և զրուցել բնակչության հետ:

Ըստ նրա, երբ ստեղծվեց Ազգային պարկը, ղեկավարությունը որոշեց մոտավորապես 1300-1400 հա տարածք գյուղի բնակչությանը թողնել՝ դրանք օգտագործելու համար:

«Պաշտպանված տարածքների գործակալությունն ինքը հողը բաժանելով չի զբաղվել, հողը թողել են գյուղական իշխանություններին, որոնք պետք է անեին դա: Այս հողը նախատեսված էր խոտհնձի համար և կարող էր օգտագործվել որպես արոտավայր անասունների համար: Թույլատրվել էր այս հողի վրա նաև վարուցանք: Ես արդեն հանդիպել եմ բնակչության հետ և նրանց բացատրել, որ հողը հատկացված չէ որոշակի անձանց, և ամբողջ գյուղի բնակչության համար բացարձակապես անվճար է: Իրենցից է կախված, թե ինչպես կբաժանեն այս հողը միմյանց միջև: Դա նրանց խնդիրն է, մենք այլևս չխառնվեցինք դրան: Շրջանում կա խոտի պակաս, ուստի նման բան պատահեց: Ես նրանց ասացի, որ Ազգային պարկի հողից պետք է օգտվեն հավասար: Ոչ ոք իրավունք չունի ասելու, որ հողն իրեն է պատկանում», – ասում է Ջավախքի ազգային պարկի տնօրեն Թամազ Մետրևելին:

Երեկ Կարծախի բնակիչները չեն եկել որևէ համաձայնության կամ որոշման այս հարցի շուրջ: JNEWS-ը կհետևի իրադարձությունների զարգացման ընթացքին:

Քրիստինե Մարաբյան