Վրաստանի երեք շրջանների նահանգապետերն այսօր պաշտոնապես կթողնեն իրենց պաշտոնները: Պաշտոնաթող են լինում այն անձինք, ովքեր առաջիկա խորհրդարանական ընտրություններում միամանդատ ընտրաշրջաններում դարձել են իշխող «Վրացական երազանք» կուսակցության թեկնածուներ: Այս մասին հայտնում են «Վրացական երազանքի» մամուլի ծառայությունից:

Օգոստոսի 1-ից պաշտոնաթող են լինում հետևյալ պաշտոնյաները. Կախեթիի նահանգապետ Իրակլի Քադագիշվիլին (Թելավի-Ախմետա-Ղվարելի-Լագոդեխի ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու); Շիդա-Քարթլիի նահանգապետ Գիորգի Խոջևանիշվիլին (Գորի-Կասպի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածու); Մցխեթա-Մթիանեթիի նահանգապետ Շալվա Կերեսելիձեն (մեծամասնական պատգամավորի թեկնածուն Մցխեթա-Դուշեթ-Թիանեթի-Կազբեգի ընտրատարածքում): Բացի այդ, այսօր պաշտոնաթող է լինում Թբիլիսիի Վակեի շրջանի ավագանու ղեկավար (գամգեբելի) Նոդար Թուրձելաձեն, որն որպես թեկնածու առաջադրված է Վակեի ընտրատարածքում:

Ավելի վաղ պշտոնաթող են եղել Աջարիայի Առողջապահության նախարար Զաալ Միքելաձեն, որն առաջադրվել է «Վրացական երազանքից» Քոբուլեթիում որպես մեծամասնական թեկնածու, և Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանի նահանգապետ Ալեքսանդր Մոցերելիան (Աբաշա-Մարտվիլի-Ծալենջիխա-Չկորոծկուրի ընտրատարածքում մեծամասնական պատգամավորի թեկնածու):

«Ինչ վերաբերում է վարչական պաշտոններ զբաղեցրած առաջադրված մյուս պատգամավորի թեկնածուներին, նրանք իրենց պաշտոնները կթողնեն նախընտրական քարոզչության մեկնարկից հետո», – ասվում է «Վրացական երազանքի» հայտարարության մեջ:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Երկրի բնակչությունը կընտրի 150 պատգամավորի՝ 120-ը քվեարկելով կուսակցության օգտին, իսկ 30-ը՝ մեծամասնական ընտրակարգով թեկնածուների:

Կուսակցությունների անցողիկ ընտրաշեմը կազմում է 1%: