Անցած տարի սկսված Տուրցխ-Լոմատուրցխ-Բեժանո ջրատարի ամբողջական վերանորոգման աշխատանքներն ավարտին կհասցվեն այս տարի: Ջրատարի վերանորոգումը կիրականացվի Ախալքալաքի տեղական բյուջեի միջոցներով:

2019 թվականին Տուրցխ-Լորմատուրցխ-Բեժանո ջրագիծը սկսել են վերանորոգել, սակայն աշխատանքները կիսատ են մնացել: Լորմատուրցխ և Տուրցխ գյուղերի մեջտեղում, մոտավոր 350 մետր հատվածի նորոգման համար տեղական բյուջեից այս տարի 17 108 լարի է հատկացվել։

Ախալքալաքի Սակրեբուլոն տարբեր նախագծերից խնայված միջոցները բաշխել է ենթակառուցվածքային աշխատանքների իրականացմանը, այդ թվում՝ Տուրցխ–Լոմատուրցխ գյուղերի ջրամատակարարման համակարգի վերականգնմանը:

«Մեզ ջուր բերեցին Բեժանո-Տուրցխ ջրագծով, որի մեջ է մտնում նաև Լոմատուրցխը, այնպես եղավ, որ ջրագծից 350 մ Լորմատուրցխ-Տուրցխ մեջտեղի հատվածը կիսատ մնաց, այս մնացածին էր հարցը վերաբերում, սա պետք է ավարտին հասցնել», – Jnews-ի հետ զրույցում ասաց Տուրցխ գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Աննա Ղևենյանը։

Հարկ է նշել, որ Լոմատուրցխ գյուղի բնակիչները դեռ 2015 թվականից բողոքում ու ներկայացնում էին իրենց գյուղում առկա ջրի խնդրի մասին։