Արդեն մի քանի տարի է, ինչ Ախալքալաքի շրջանի Խուլգումո գյուղում կա մանկապարտեզ, բայց խմելու ջրի բացակայության պատճառով այն մինչ այժմ չի գործում: Այս տարի մունիցիպալիտետը հատկացրել է 1536 լարի, որպեսզի նախակրթարանում վերջնականապես լուծվի ջրի խնդիրը:

Ախալքալաքի մունիցիպալիտետի Խուլգումո գյուղում մանկապարտեզի բացումը հետաձգվում է ջրի բացակայության պատճառով: Մանկապարտեզը նախատեսվում էր բացել 2018 թվականին, բայց այն դեռևս չի գործում:

Ախալքալաքի Մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանի խոսքով, նա չգիտի, թե հատկացված գումարը արդյո՞ք բավարար կլինի այս խնդիրը լուծելու համար:

«Ես չգիտեմ, թե հատկացված գումարը բավարար կլինի, թե ոչ, դա իմ գործը չէ: Մանկապարտեզը կաշխատի, եթե ջրի խնդիրը լուծվի: Իհարկե, եթե կորոնավիրուսի համավարակը չխանգարի», – ասում է նա:

Ըստ Անահիտ Ասատուրյանի, եթե ջրի խնդիրը լուծվի, և մանկապարտեզները թույլատրվի բացել սեպտեմբերին, նա կսկսի հավաքել աշխատակազմը:

Սակայն Խուլգումո գյուղում քաղաքապետի ներկայացուցիչ Մովսես Գիգոլյանը պնդում է, որ բացի մանկապարտեզում ջրի խնդրից, նաև կան այլ փոքրիկ աշխատանքներ, որոնք պետք է արվեն, և հատկացված 1 536 լարին միայն բավարար կլինի ջրամատակարարման համակարգը վերականգնելու համար:

Խուլգումոյի մանկապարտեզի շենքը ձեռք է բերվել դեռ 2014 թ.-ին, Օգնություն գյուղին ծրագրի շրջանակներում: Տարիներ շարունակ բարեկարգման տարբեր աշխատանքներ են տարվել, սակայն մինչև հիմա շենքը շահագործման ենթակա չէ: Պատճառը ջրի բացակայությունն էր, սակայն կան էլի կիսատ գործեր, օրինակ շենքը չունի պահեստ:

Նախակրթարանի շենքը գնվել է 32 000 լարիով: Վեց տարվա ընթացքում մանկապարտեզի վերանորոգման համար ծախսվել է` 16 000, 24 000, 42 000 և 2 700 լարի գումար, բայց միևնույնն է խնդիրներն անվերջանալի են։

Հիմա Խուլգումոյի նախադպրոցական տարիքի երեխաները հաճախում են հարևան՝ Կուլիկամ գյուղի և Ախալքալաքի նախակրթարաններ:

Բրատիսլավ Իգիթխանյան