Բազուկը հայկական ավանդական խոհանոցում տարածված բույսերից է, որից Ջավախքում պատրաստում են տարատեսակ ուտեստներ: Jnews-ն այս անգամ իր ընթերցողին է ներկայացնում բազուկի ցողունով բորանու պատրաստման եղանակը:

Գայանե տատին շտապում է այգի բազուկ հավաքելու, որպեսզի դաշտից տուն վերադարձող թոռան համար բորանի պատրաստի:

Ջավախքում բազուկով բազմապիսի ուտեստներ են պատրաստում` բորանի, տոլմա, ապուր, ինչպես նաև թթու և մաճառ են դնում:

Օրջա գյուղից Գայանե Քուրդողլյանը իր հայրական տանը, այնուհետև ամուսնու տանը տեսել ու սովորել է ջավախքյան տարբերակով բազուկի ցողոններով բորանու պատրաստման եղանակը:

«Հնուց եկած ուտելիք է, մեր տատիկներն են պատրաստել, տեսել ու սովորել ենք։ Հարս գալուց հետո սկսել եմ պատրաստել իմ երեխաների և թոռների համար»,- պատմում է Գայանե տատը:

Բազուկի աճելուն ամենաշատը սպասում են Գայանե տատիկի թոռնիկները, տատիկին խնդրում են, որ բորանի պատրաստի։

Բորանին արագ պատրաստվող և ամենահամեղ ուտելիքներից է, որի պատրաստման համար առանձնահատուկ բաղադրիչներ պետք չեն:

Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում բազուկով բորանի բաղադրիչները.

Հարկավոր է բազուկ, աղ, բուսայուղ կամ կարագ, ձու։

Պատրաստման եղանակը.

Բազուկի տերևները պետք է լավ լվանալ, այնուհետև եփել: Հենց որ գույնը փոխի պետք է այն քամել: Թավայի մեջ կարագ հալեցնել կամ բուսայուղ լցնել, արդեն քամված բազուկը կտրատել և տապակել: Փոքր ամանի մեջ ձուն կոտրել, աղ անել, հարել և լցնել բազուկի վրա: Երբ ձուն եփվի, ուտեստը պատրաստ է: Բորանին Ջավախքում մատուցում են մածուն-սխտորով:

Գայանե Ակոջյան