Ինչպես հայտնում են Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալությունից՝ հուլիսի 21-ից սկսած տուգանվում են տեխզննում չանցած ավտոմեքենաների վարորդները: Երկրում տիրող համաճարակային իրավիճակով պայմանավորված կառավարության որոշման համաձայն՝ մարտ ամսից մինչև հուլիս չէին տուգանվում տեխզննում չանցած մեքենաները:

Ցամաքային տրանսպորտի գործակալությունից JNEWS-ին հայտնեցին, որ այլևս տուգանվում են այն մեքենաները, որոնց տեխզննման ժամկետը լրացել է:

«Արտակարգ դրության պատճառով մարտի 21-ից մինչև մայիսի 22-ը ներառյալ, այնուհետև՝ արդեն հուլիսի 21-ը ներառյալ չէին տուգանվում այն մեքենաները, որոնք տեխզննում չէին անցել: Սակայն հուլիսի 21-ից սկսած տեխզննում չանցած մեքենաները տուգանվում են», – հայտնեցին Գործակալությունից։

Միևնույն ժամանակ, ապրիլի 1-ից Վրաստանում կիրառվում են տրանսպորտային միջոցների տեխզննման նոր կանոններ, որոնք մեքենաների սեփականատերերը պետք է հաշվի առնեն:

Այսպիսով, վարորդներին արգելվում է ղեկը տեղափոխել աջից ձախ: Տեղափոխված ղեկով մեքենաները չեն կարողանա անցնել տեխզննում: Սահմանափակումները չեն վերաբերի այն մեքենաներին, որոնց ղեկը փոխվել է մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը:

Նաև այն մեքենաները, որոնք ունեն ավելի քան 10 տարի վաղեմության անվադողեր, անկախ դրանց վիճակից, նույնպես կմնան առանց ցանկալի տեխզննման: Բացի այդ, ապրիլի 1-ից հետո տեխզննում անցնող տրանսպորտային միջոցների սեփականատերը պետք է ներկայացնի գազաբալոնի սարքին լինելու մասին վկայագիր:

Ապրիլի 1-ից ավտոմեքենաները պետք է ունենան հատուկ կատալիզատորներ, որոնք վերահսկում են ածխածնի երկօքսիդի (շմոլ գազ) արտանետումը: Մեծ արագության ժամանակ CO-ի արտանետումը չպետք է գերազանցի 0.7%-ը:

2018 թվականի հուլիսի 1-ից տեխզննումը պարտադիր է դարձել իրավաբանական անձանց վրա գրանցված թեթև մարդատար ավտոմեքենաների, ինչպես նաև պետության սեփականություն հանդիսացող տրանսպորտային միջոցների համար: 2018 թվականի հոկտեմբերի 1-ից տեխզննումը պարտադիր է դարձել թեթև մարդատար ավտոմեքենաների համար, որոնց շարժիչի ծավալը գերազանցում է 3.0-ն, իսկ 2019 թվականի հունվարի 1-ից՝ մնացած թեթև մարդատար ավտոմեքենաների համար:

Մեքենաների սպասարկման արժեքը 60 լարի է (մոտ 21 դոլար), իսկ բեռնատարներինը՝ 100 լարի (ավելի քան 34,6 դոլար):

Ժամանակին չանցած տեխզննման համար նախատեսված տուգանքը 50 լարի է, այն արձանագրվում է ամսական մեկ անգամ:

Այսպիսով, եթե մեկ տարի երթևեկել եք առանց տրանսպորտային միջոցի տեխզննման, ապա տուգանքների չափը կհասնի 600 լարիի: Բայց դրա վճարումը հետաձգելն արդեն չի ստացվի, տուգանքի վճարման համար տրվում է մեկ ամիս ժամկետ, այնուհետև չվճարելու դեպքում դրան ավելանում է օրենքով սահմանված կարգով գումարը չվճարելու հետևանքով նախատեսված տուգանքի չափի ավելացած մասը: Եվ եթե վեց ամսվա ընթացքում տուգանքը չի վճարվում, ապա վարորդը կարող է կես տարով զրկվել վարորդական իրավունքից:

Գայանե Ակոջյան