Միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ՝ Վրաստանի քաղաքացիներին կթույլատրվի մեկնել Թուրքիա՝ աշխատելու նպատակով: Դրա հետ մեկտեղ, մեկնել ցանկացողները պիտի տրամադրեն գործատուի կողմից տրված եռամսյա տեղեկանք, իսկ հայրենիք վերադառնալիս անցնեն երկշաբաթյա կարանտին:

«Վրաստանի քաղաքացիները և, առաջին հերթին, իհարկե, Աջարիայի բնակիչները կկարողանան մեկնել Թուրքիա արտագնա աշխատանքի՝ Թուրքիայում գործատուի կողմից տրված եռամսյա պաշտոնական հրավերի հիման վրա: Այնուամենայնիվ, երբ նրանք վերադառնան, նրանցից կպահանջվի անցնել կարանտինային ռեժիմ: Հետևաբար, չնայած համաճարակը լիակատար վերահսկողության տակ է, մեզ համար կարևոր է, որ բոլոր տեղաշարժումները, ներառյալ՝ սահմանին, աշխատանքային նպատակներով, իրականացվեն հաշվի առնելով բոլոր հանգամանքները», – հայտնել է Աջարիայի կառավարության նախագահ Թորնիկե Ռիժվաձեն:

Հարկ է նշել, որ վերջերս Աջարիայում տեղի էին ունենում բողոքի ցույցեր, մասնակիցները պահանջում էին, որ իշխանությունները վերացնեն Թուրքիա արտագնա աշխատանքի մեկնելու արգելքը: