Այսօր, հուլիսի 26-ին Կարծախ գյուղում նշվեց աշուղ Ջիվանուն նվիրված «Ջիվանական օրը»: Կորոնավիրուսային համաճարակի պատճառով, տոնակատարությունն անցկացվեց փոքր մասշտաբով:

Այսօր Կարծախում վերջին ամիսների համեմատ փոքր ինչ անսովոր ու մարդաշատ էր: Ջիվանուն նվիրված տոնակատարությունն առաջին անգամ նշվեց առանց հյուրերի:

Ջիվանու տուն-թանգարանի տնօրեն Հասմիկ Սաղաթելյանի խոսքով, չէին կարող ոչ մի կերպով չանդրադառնալ մեծն աշուղի արվեստին.

«Այս տարի ցավոք չունենք հյուրեր արտերկրից, շրջանի հարևան գյուղերից և քաղաքներից, սակայն կարզախցիները միշտ անհամբերությամբ են սպասում Ջիվանական տոնակատարությանը: Իսկ ելույթներով հանդես կգա տեղի Ջիվանու անվան երգի, պարի անսամբլը», – ասաց Հասմիկ Սաղաթելյանը:

jivani4

Միջոցառումը կազմակերպվել է «Ջավախքին աջակցություն» հիմնադրամի և Ջիվանու տուն-թանգարանի համատեղ ջանքերով: Կարծախում կրկին թևածեց Ջիվանական երգն ու հայկական ելևէջները: Համերգային ծրագրից հետո միջոցառման մասնակիցները Ջիվանու կիսանդրու մոտ ծաղիկներ խոնհարեցին, այնուհետև մասնակցեցին Կարզախի Սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցում մատուցվող պատարագին:

jivani2

Ջիվանու ստեղծագործությունն իր դարաշրջանի հայ իրականության հայելին է։ Նա ոչ միայն նկատել ու արձանագրել է ժամանակի հոռի հարցերը՝ անարդարությունն ու բռնությունը, այլև բողոքել է դրանց դեմ։ Ջիվանին խարազանել է աշխատավոր ժողովրդի իրավունքը ոտնահարողներին: Մեծն աշուղը քարոզել է հետևել լուսավորությանն ու գիտությանը, սիրել հայրենիքն ու ընտանիքը, աշխատանքով վաստակել հանապազօրյա հացը, երբեք չհուսահատվել, քանի որ «ձախորդ օրերը կուգան ու կերթան»։ Նրա համար խորթ են ազգային և կրոնական խտրությունները։

Ջիվանին հրապարակախոս է, փիլիսոփա, բարոյագետ. նրա իմաստուն խրատներն ու խորհուրդները բերնեբերան տարածվել են ժողովրդի մեջ և գործածվում են որպես աֆորիզմներ։

Ջիվանին աշուղական երգը մաքրել է օտար բառերից, ստեղծել բանաստեղծական պարզ ու անպաճույճ լեզու։ Մեծապես նպաստել է գրական աշխարհաբարի զարգացմանը։

Հերմինե Կարապետյան