Ախալքալաքի մարզադպրոցի մարզադահլիճում ջեռուցման համակարգի անցկացումը կրկին անորոշ ժամանակով հետաձգվում է՝ մունիցիպալիտետի բյուջեում գումարի բացակայության պատճառով:

Ցրտերն ընկնելու հետ միասին Ախալքալաքի մարզադպրոցում արդիական է դառնում մեծ սպորտդահլիճի ջեռուցման խնդիրը: Շինությունն ընդհանուր առմամբ ջեռուցվում է, բայց մեծ դահլիճում, որտեղ հիմնականում անցկացվում են տարբեր մարզական խմբակների պարապմունքները՝ ջեռուցում չկա: Ավելի վաղ, քաղաքապետարանը խոստացել էր, որ այդ հարցը կլուծվի, եթե ոչ 2019-ին, ապա` 2020-ին անպայման:

Ըստ Ախալքալաքի մունիցիպալիտետի քաղաքապետարանի էկոնոմիկայի և պլանավորման վարչության մասնագետ Սամվել Մուրադյանի՝ մարզադպրոցի ջեռուցումը այս պահին նախատեսված չէ:

«Այս պահին Ախալքալաքի մարզադպրոցում չի լինի ջեռուցում, բյուջեում փող չկա», – ասում է նա:

Ըստ նրա, դեռ անհայտն է, թե կոնկրետ երբ կլուծվի այս խնդիրը:

«Հստակ չեմ կարող ասել, թե երբ կլինի, երբ հնարավորություն լինի, այդ ժամանակ էլ կանենք», – նշում է Սամվել Մուրադյանը:

Մարզիչները բողոքում են, որ ձմռանը կանոնավոր դասընթացներ հնարավոր չէ անցկացնել, դրանք վտանգում են երեխաների առողջությունը: Ինչպես նախկինում նշել էր կարատեի մարզիչ Ռաֆայել Դարբինյանը Jnews-ին տված հարցազրույցում, ձմռանը նա կդադարեցնի դասընթացները փոքր երեխաների հետ, որպեսզի նրանք չմրսեն ու չհիվանդանան:

Դպրոցի շենքը կառուցվել է 1935 թվականին: Ներկայումս դպրոցում գործում են հետևյալ ստորտաձևերը՝ ֆուտբոլ, սեղանի թենիս, վոլեյբոլ, ֆուտզալ, ըմբշամարտ, կարատե և ռեգբի: Անցած տարի շենքը վերանորոգվել էր տեղական բյուջեի հաշվին, բայց դահլիճում ջեռուցում չկա:

Հիշեցնենք, որ Jnews-ին 2019-ի սեպտեմբերի 24-ին տված հարցազրույցի ժամանակ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանն ասել էր.

«Այս տարի բյուջետային միջոցների բացակայության պատճառով մենք, հավանաբար, չենք կարողանա լուծել այս հարցը, բայց հաջորդ՝ 2020 թ.-ին մենք անպայման դա կանենք»:

Բրատիսլավ Իգիթխանյան