Դեկտեմբերի 18-ին Նինոծմինդայի շրջանային ժողովում տեղի է ունեցել հերթական նիստը փակ դռների ետևում, որի ժամանակ քննարկվել են 2015 թվականի բյուջեի փոփոխությունները, այդ թվում ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հավելյալ պարգևավճարները:

Նինոծմինդայի շրջանային ժողովում դեկտեմբերի 18-ին կայացած նիստի օրակարգում, կային մի քանի հարցեր 2015 թվականի շրջանային բյուջեի մասնակի փոփոխության մասին:

Հիմնական հարցերից մեկն էր բարձրացնել բյուջեի ծախսային մասը, մասնավորապես` աշխատանքի վարձատրության (պարգևավճարների) նպատակով:

Սակրեբուլոյի (շրջանային ժողովի) ծախսերը բարձրացվում են 26 200 լարիով, աշխատանքի համար պարգևավճարի համար:

Վարչության ծախսերի մասի բարձրացվում է 70 500 լարիով, նույն նպատակով:

Նաև բարձրացվել է Զինվորական ծառայության ծախսերի մասը 3 300 լարիով:

«Ազգային միացյալ շարժում» կուսակցության ներկայացուցիչ, Սակրեբուլոյի պատգամավոր Վարազդատ Արզումանյանը համաձայն չէր այդ որոշման հետ:

«Ես քվեարկեցի դեմ, քանի որ կան ավելի անհրաժեշտ կարիքներ: Սա արդեն երրորդ պարգևավճարն է այս տարի: Այդ գումարով կարելի էր օգնել բազմազավակ ընտանիքներին, թոշակառուներին, կան այնպիսի ընտանիքներ, որոնք իրոք որ օգնության կարիք ունեն: Չեմ կարծում, որ Սակրեբուլոյի ու Վարչության աշխատակիցները գտնվում են սոցիալական վատ վիճակում», – ասում է նա:

Սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանի խոսքերով, ամեն ինչ արվում է օրենքի սահմաններում և օրենքը դա թույլ է տալիս:

«Ինչ վերաբերում է 2015 թվականի քաղաքապետարանի բյուջեի մասնակի փոփոխությանը և աշխատանքի վարձատրությանը, ցանկանում եմ ընդգծել, որ մենք բոլոր ծրագրերը կատարել ենք 210 %- ով, բոլոր աշխատանքները կատարվել են 100%- ով, մեր աշխատավարձերի ֆոնդը չի գերազանցում 25%- ը, և այդ ամենը նախատեսված է օրենքի սահմաններում: Ամեն տարի մենք երկու անգամ ստանում էինք պարգևավճար, այս տարի ավելացրինք նաև մեկը: Այդ պարգևավճարը ինչ-որ կերպ կօգնի բարելավելու մեր աշխատակիցների իրավիճակը, քանի որ առջևում Նոր Տարի է, գնումներ, իսկ սննդամթերքի գները աճել են», – ասում է Կյուրեղյանը:

Բորիս Ղարսլյան