Վրաստանի Պաշտպանության նախարարության և Ախալքալաքի քաղաքապետարանի ներկայացուցիչները պայմանավորվել են, որ նախկին թիվ 1 զինվորական ավանի կենտրոնական ճանապարհը կփակվի միայն այն դեպքում, երբ կառուցվի այլընտրանքային ճանապարհը: Սակայն առայժմ հայտնի չէ` համաձայն են արդյո՞ք այս հատվածի բնակիչները տվյալ պայմանների հետ:

Ըստ Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի, հուլիսի 21-ին նրանք հանդիպել են Վրաստանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի հետ և պայմանավորվել են, որ թիվ 1 զինվորական ավանի կենտրոնական ճանապարհը դեռ չեն փակի:

«Պաշտպանության նախարարությունն իր վրա է վերցրել բոլոր աշխատանքները: Նոր այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո կփակվի բնակիչների կողմից այժմ օգտագործվող ճանապարհը», – ասում է Արմեն Մառանգոզյանը:

Ըստ նրա, նրանք բնակիչներին տեղեկացրել են Պաշտպանության նախարարության հետ պայմանավորվածության մասին, բայց դեռ չեն ստացել պատասխան՝ արդյո՞ք բնակիչները համաձայն են որոշման հետ, թե՝ ոչ:

Հիշեցնենք, որ հուլիսի 20-ին, նախկին թիվ 1 զինվորական ավանի ավելի քան 70 բնակիչներ բողոքի ցույց էին կազմակերպել՝ պահանջելով, որ զինվորականները չփակեն իրենց կենտրոնական ճանապարհը: Վրաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է զորամասը քաղաքի բնակելի մասից ցանկապատել փշալարերով՝ դրանով իսկ փակելով կենտրոնական ճանապարհը:

Խնդիրը կայանում է նրանում, որ ցանկապատը նախատեսվում է տեղադրել անմիջապես №475 տան պատուհանների տակ: Նախագիծը, որի համաձայն նրանք նախատեսում են տեղադրել ցանկապատը, կվերաբերի այս մասի բոլոր շենքերին: Այնուամենայնիվ, եթե փշալարերը այլ շենքերից անցնեն մի քանի մետր (6-7) հեռու այլ տներից, ապա №475 տան դեպքում այն կանցնի անմիջապես պատուհանների տակից:

Եթե ցանկապատը տեղադրվի նախագծի համաձայն, ապա զորամասում կմնա խաղահրապարակը, որը քաղաքապետարանը կառուցել է մի քանի տարի առաջ, ինչպես նաև ևս մեկ տուն, որտեղ չորս ընտանիք է ապրում: Ճիշտ է, այս շենքը չի փոխանցվել մունիցիպալիտետի հաշվեկշռին, բայց մարդիկ այնտեղ ապրում են:

Բրատիսլավ Իգիթխանյան