Եվրոհանձնաժողովը հրապարակել է Վրաստանի մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման հետ կապված զեկույց, որտեղ տրվել է դրական գնահատական:

Փաստաթղթում նշվում է, որ Վրաստանը կատարել է մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման պլանի գործողությունների հետ կապված բոլոր պարտավորությունները:

Եվրոհանձնաժողովը գտնում է, որ Վրաստանի կողմից իրականացվող մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացման նախագծի ընթացակարգերը բոլոր չորս մասերում, համապատասխանում են եվրոպական եւ միջազգային չափանիշներին:

Սա Եվրոհանձնաժողովի չորրորդ և վերջին զեկույցն է, Վրաստանի հետ մուտքի արտոնագրային ազատականացման ռեժիմի նախագծի գործողությունների իրականացման մասին:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Վրաստանի կառավարության նիստի ժամանակ, այսօրվա օրը համարել է շատ կարևոր:

«Մենք 100%-ով կատարել ենք մեր պարտավորությունները ԵՄ-ի նկատմամբ, և մենք ոչ մի բացթողում չունենք: Ես շնորհավորում եմ վրաց ժողովրդին: Սա վրաց ժողովրդի հաղթանակն է… Սա երկրի ամրապնդման համար շատ կարևոր քայլ է: Ամենակարևորը վստահության հաստատումն է մեզ համար, Եվրոպայի և ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի կողմից վստահության հաստատումն է վրաց ժողովրդի նկատմամբ», – հայտարարել է Ղարիբաշվիլին:

Էդիտա Բադասյան