Գիշեը հայկական ստորաբաժանումները խոցել են հակառակորդի տանկ, հրետանային և ականանետային մարտկոցների կրակային դիրքեր, որոնցից հրետակոծվում էին հայկական բնակավայրերն ու դիրքերը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Նա գրառմանը կից նաև տեսանյութ է հրապարակել։

Հուլիսի 16-ի գիշերը ժամը 03։40-ից հայ-ադրբեջանական սահմանին կրկին ռազմական գործողություններ են ծավալվել, հրետակոծվել են Մովսեսն ու Այգեպարը: Հայկակամ կողմը զոհեր չունի, ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ ղեկավարի, ունի բազմաթիվ զոհեր ու վիրավորներ։

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Պառավաքարը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: