Հայկական Զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 12-ից ի վեր, ընդհանուր առմամբ, խոցել են ադրբեջանական 13 ԱԹՍ, որոնցից 10-ը՝ հարվածային, 3-ը՝ հետախուզական, Իջևանում հայտարարել է Ճգնաժամային տեղեկատվական կենտրոնի ղեկավար Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ սա բարձր ցուցանիշ է մասնագիտական տեսանկյունից։

«Մեր հաշվարկով՝ 50-ից ավելի հրետանային արկ է կիրառվել հայկական 5-6 բնակավայրի ուղղությամբ»,- ասել է Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ ճիշտ է՝ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն հայկական ԶՈւ-ն պատրաստ է հակառակորդի ցանկացած բնույթի՝ թե ցամաքային, թե օդային սադրանքի։

Հուլիսի 15-ի դրությամբ սահմանային իրավիճակը համեմատաբար հանգիստ է։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողություններ են ընթանում, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվում: Հայկական կողմը 4 զոհ ունի ու 20 վիրավոր, որոնցից 10-ը բուժում են ստանում, 10-ը՝ դուրս են գրվել։ Ադրբեջանը պաշտոնապես 11 զոհի մասին է հայտնել: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև ականակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Պառավաքարը, հրետակոծության ենթարկել նաև Բերդ քաղաքը: