Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուփաշվիլին հայտարարել է, որ դեկտեմբերի 15-ին ակնկալում է դրական որոշում մուտքի արտոնագրերի հարցի ազատականացման վերաբերյալ:

Խորհրդարանի ղեկավարի դրական սպասումների մասին խոսվում է Վրաստանի խորհրդարանի մամլո ծառայության հրապարակած տեղեկատվության մեջ:

«Տիկին Մոգերինին լինելով Վրաստանում, հայտարարել է, որ Վրաստանը ամեն ինչ արել է, ինչ կարող է անել, այդ գործընթացում: Այժմ որոշումը պետք է ընդունվի եվրոպական մակարդակում: Վրաստանի հետ հարաբերություններում, չկան հարցեր, որոնք կարող են խանգարել մուտքի արտոնագրերի վիզաների ազատականացման գործընթացին: Չնայած նրան, որ Եվրոպայում ինքնին կան մի շարք հարցեր և թեմաներ, որոնք առաջացել են վերջին իրադարձությունների հետ կապված: Դա արտագաղթային ճգնաժամն է, ահաբեկչության վտանգը, որը, իհարկե, ազդում է եվրոպական կառույցների որոշ որոշումների կայացման ընթացքի, որակի և խորության վրա», – ասված է Ուսուփաշվիլի անունից հնչած հայտարարության մեջ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը կոչ է արել բոլորին նախապես չուրախանալ հաջողության համար, բայց չկորցնել նաև լավատեսությունը այդ գործընթացում:

Դեկտեմբերի 15-ին Եվրահանձնաժողովը պիտի հրապարակի Վրաստանի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման պլանի մասին զեկույցը:

Էդիտա Բադասյան