«Դուք որպես ինքնազբածված ստացել եք 300 լարիի չափով փոխհատուցում», – COVID-19-ի պատճառով փոխհատուցում ստանալու համար Ախալքալաքի տոնավաճառից բազմաթիվ գրանցվածներից միայն 5 վաճառող է ստացել այսպիսի հաղորդագրություն իր բջջային հեռախոսին:

Մայիսի 19-ին Ախալքալաքի քաղաքապետարանը սկսել էր ընդունել տոնավաճառի աշխատողների դիմումները` նրանց տեղեկանքներ տրամադրելու համար, որպեսզի պետության կողմից 300 լարի միանվագ փոխհատուցում ստանան՝ կառավարության հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում: Մայիսի 24-ին՝ կիրակի օրը, Ախալքալաքի քաղաքապետարանի շենքում վաճառողներին գրանցեցին Առողջապահության նախարարության կայքում՝ www.moh.gov.gе:

Մեկ ամսից ավելի է ացնել, սակայն ընդամենը 5 մարդ է ստացել այդ փոխհատուցումը:

Տոնավաճառի վաճառողները վրդովված են, որ փոխհատուցումը տրվել է ընտրովի, չնայած առանց բացառության բոլորն ի վիճակի չեն եղել աշխատել մեկուսացման երեք ամիսներին` կարանտինային ռեժիմի պատճառով:

Փոխհատուցում ստացողները նախապես sms հաղորդագրություն են ստացել, որում ասվում է. «Դուք որպես ինքնազբաղված ստացել եք 300 լարիի չափով փոխհատուցում», բայց նրանց թվում կան մարդիկ, ովքեր, ըստ նրանց, 300 լարիից ավելի քիչ փոխհատուցում են ստացել:

«Ես արդեն ստացել եմ փոխհատուցում 180 լարիի չափով: Ինչո՞ւ 180 լարի՝ չգիտեմ: Չնայած մեկ այլ վաճառողի հաշվեհամարին փոխանցվել է 300 լարի», – ասում է տոնավաճառի վաճառողուհի Աստղիկը:

Այնուամենայնիվ, մեծամասնությունը ոչինչ չի ստացել, չնայած փոխհատուցման փոխանցման ժամկետը 10 աշխատանքային օր էր շեշտվում: Գրանցման օրվանից անցել է ավելի քան մեկ ամիս: Գրանցվածներից ոմանք ստացել են պատասխան, որ իրենց փաստաթղթերը լիարժեք չեն.

«Փոխհատուցման պորտալում գրանցվելիս Ձեր փաստաթղթերում որոշ տեղեկություներ բացակայում են, կամ չի հաստատվել Ձեր տնտեսական գործունեությունը 2020 թվականի առաջին եռամսյակում»:

«Ես միկրոբիզնես եմ գրանցել 3 տարի առաջ, ինչպես պահանջվում էր: Քաղաքապետարանում ինձ թույլ չտվեցին դիմում գրեմ՝ տեղեկանք ստանալու համար, նրանք ասացին, որ դուք ունեք այդ գրանցումը, այնպես որ ձեզ տեղեկանք հարկավոր չէ», – ասում է տոնավաճառի վաճառողը:

Մեկ այլ վաճառող էլ պնդում է, որ նա ցանկացել է փաստաթղթերը լրացնել մինչև վերջնաժամկետը, սակայն քաղաքապետարանը հրաժարվել է նրան տեղեկանք տալ:

«Ես իմացա ոչ լիարժեք փաստաթղթերի մասին և մտածեցի, որ հարկավոր է ժամանակին հասցնել լրացնել դրանք: Այդ ժամանակ ինձ նախազգուշացրեցին, որ մինչև հուլիսի 1-ը կարող եմ փոփոխություններ կատարել առողջապահության կայքում՝ իմ անձնական էջում: Մինչև երեկո լրացնելու համար շտապ հարկավոր էր տեղեկանք վերցնել քաղաքապետարանից, քանի որ ամսի 1-ից այդ հնարավորությունը այլևս չէր լինի: Ես գնացի քաղաքապետարան, բայց նրանք ինձ այդ տեղեկանքը չտվեցին: Ասացին, որ քաղաքապետն այդ տեղեկանքներն ուղարկել է Թբիլիսի և չտվեցին», – ասում է տոնավաճառի մեկ այլ վաճառող:

Նման պատասխան են ստացել բոլոր այն վաճառողները, ովքեր գրանցվել են` ռեեստրից փաստաթուղթը ներկայացնելով` «Քաղվածք ռեեստրից՝ տնտեսական գործունեության վերաբերյալ»:

Այդպիսի պատասխան են ստացել նաև այն վաճառողները, որոնց առձեռն չի տրվել քաղաքապետարանի տեղեկանքը: Ոմանք էլ ունեն այդ տեղեկանքները: Դրանցում գրված է.

«Տրվում է… առ այն որ 2020 թ.-ին, հունվարից մինչև մարտ ամիս ընկած ժամանակահատվածում, այդ անձը իսկապես զբաղված է եղել Ախալքալաք քաղաքում փողոցային առևտրի ոլորտում՝ Վանցյանի անվան զբոսայգու շուկայի տարածքում: Տեղեկանքը տրվում է Ախալքալաքի քաղաքապետարանի կողմից, ըստ առկա տեղեկատվության՝ վկաների ներկայությամբ, ըստ աշխատանքային խմբի եզրակացության»:

Նրանք, ովքեր գրանցվել են քաղաքապետի տեղեկանքով և իրենց մոտ ունեն այդ տեղեկանքները, ոչ հաղորդագրություն են ստացել, ոչ էլ՝ փոխհատուցում:

Ըստ վաճառողների՝ քաղաքապետարանի շենքում գրանցել է Ախալքալաքի մանկապարտեզների միավորման տնօրեն Անահիտ Ասատուրյանը: Ինչպես պնդում է նա, որպես կամավոր օգնել է գրանցվել մարդկանց՝ աշխատանքից ազատ օրվա ընթացքում:

«Նրանք փաստաթուղթ ունեին միկրոբիզնեսի վերաբերյալ: Հավանաբար, երկար ժամանակ է: Այդ վաճառողները չեն բացել այն կետը, որտեղ պետք է ներբեռնել փաստաթուղթը: Ցույց էր տալիս, որ նրանք տվյալների բազայում կան: Հետևաբար նրանց չի տրամադրվել տեղեկանք: Սկզբում, երբ գրանցեցինք, մենք որոշեցինք մի քանի հոգու տեղեկանք թողնել մեզ մոտ, որպեսզի իմանանք, թե քանի գրանցում ենք կատարել: Սակայն հետո որոշեցինք տեղեկանքները տալ և անձնագրերով հաշվարկը կատարել: 200 հոգի Ախալքալաքի մունիցիպալիտետում ստացել է հաղորդագրություն, որ առաջին եռամսյակում եկամուտ չի ունեցել: Դրանք ոչ միայն տոնավաճառի վաճառողներ են, այլև տաքսիստներ, վերանորոգմամբ զբաղվող մարդիկ և այլք: Իսկ նրանք, ովքեր հարկայինից փաստաթուղթ ունեին առ այն, որ նրանք կարճ ժամանակով պասիվ են եղել, բայց համավարակից առաջ եկամուտ ունեցել են, նրանց անմիջապես այդ գումարները փոխանցվել են: Թե մինչ երբ են փոխանցելու, ես չգիտեմ: Ես ինչ-որ տեղ կարդացել եմ, որ ոմանց փոխանցել են, և դրանից հետո կքննարկեն մնացած դիմումները: Թեժ գծին դիմած մի անձի ասել էին, որ պետք է սպասել», – ասում է Անահիտ Ասատուրյանը:

Մենք դիմեցինք Ախալքալաքի քաղաքապետարան, և այն հարցին, թե արդյո՞ք քաղաքապետարանն ունի ինքնազբաղվածների կոնկրետ թվաքանակ, որոնց փոխհատուցումը մերժվել է, Ախալքալաքի փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանը պատասխանեց.

«Ես պատրաստ չեմ պատասխանել այս հարցին»:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի ժամանակ իրենց եկամտի աղբյուրը կորցրած անձանց գրանցումը սկսվել էր մայիսի 15-ին և տևել մինչև հուլիսի 1-ը: Հունիսի 29-ի տվյալներով Առողջապահության նախարարության գրանցման պորտալում գրանցվել է շուրջ 156 186 ինքնազբաղված անձ՝ 300-ական լարի փոխհատուցում ստանալու նպատակով:

Նրանցից 104 547-ին փոխանցվել է միանվագ 300-ական լարի փոխհատուցում, ընդհանուր առմամբ փոխանցվել է 31,4 մլն լարի (ավելի քան 10,1 միլիոն դոլար):

Աշխատանքի աջակցության պետական գործակալության լրատվությամբ, 200-ական լարի (67 դոլար) փոխհատուցում է փոխանցվել շուրջ 90 775 մարդու, ովքեր տուժել են համավարակի պատճառով՝ կորցնելով իրենց աշխատանքը, պայմանագրային աշխատողներին կամ ֆիզ. արձակուրդում գտնվող անձանց: Փոխանցված գումարը կազմել է 18,1 մլն. (6 միլիոն դոլար) լարի:

Կառավարության հավաստմամբ, բնակիչներին փոխհատուցումը փոխանցվում է փուլ առ փուլ, սակայն ժամանակը ցույց կտա՝ արդյո՞ք տոնավաճառի վաճառողներին հերթը կհասնի, թե՝ ոչ:

Քրիստինե Մարաբյան