2015 թվականի նոյեմբերի 12-ին ուժեղ քամու հետևանքով առաջացած վնասի փոխհատուցման համար, Ախալքալաքի շրջանի բնակիչներին պետական բյուջեից հատկացվել է 151 800 լարի:

Վրաստանի Խորհրդարանի արտահերթ նիստում, վնասի գնահատումից հետո, որոշվեց հատկացնել Ախալքալաքի շրջանին 151 800 լարի:

Ըստ Վարչության ենթակառուցվածքների ծառայության ղեկավար` Ալբերտ Նահատակյանի, քաղաքացիներին հատկացված փոխհատուցումը ուշ սկսվեց, քանի որ անհրաժեշտ էր ներկայացնել հստակ փաստաթղթեր:

«Ցույց տալու համար, որ իրականում կառույցները վնասվել են, ամեն մի շինություն լուսանկարվել է, ապա որոշվել վնասի վրա ծախսվելիք գումարը: Մինչ այս բոլոր աշխատանքները իրականացվեցին, հետո Խորհրդարանում նիստը գումարվեց, նոր հատկացվեց գումարը, դրա համար էլ շատ ժամանակ անցավ», – ասում է Ալբերտ Նահատակյանը:

Նոյեմբերի 12-ի ուժեղ քամու հետևանքների վերացման աշխատանքները արդեն սկսվել են, նաև սկսվել է առանձին քաղաքացիների կրած վնասների փոխհատուցման գործընթացը: Բոլոր աշխատանքները պետք է ավարտվեն 15 օրվա ընթացքում:

№ 428 շինության տանիքը վերանորոգելու համար, նախկին զինվորական ավանում
հատկացվել է 34 000 լարի, Վաչիանի փորձարարական դաշտի շենքի տանիքի համար հատկացվել է 39 000 լարի: Բուռնաշեթ գյուղի խմելու ջրի ավազանի վերանորոգման համար` 5800 լարի, Չամդուրա գյուղի մեկ ընտանիքի համար` 2800 լարի, իսկ մնացած գումարը բաժանվել է մյուս տուժված քաղաքացիներին:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ուժեղ քամուց մեծ վնասներ են կրել Ախալքալաքի գրեթե բոլոր գյուղերը, քշել է քաղաքի և գյուղերի որոշ շենքերի տանիքները:

Շուշան Շիրինյան