Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատեցին 2020 թվականի բյուջեի հերթական փոփոխությունները: Փոփոխությունների համաձայն, մունիցիպալիտետի ծախսերը կրճատվել են 300 000 լարիով, իսկ փոսային նորոգման աշխատանքներից խնայված 119 570 լարին օգտագործվել է այլ ենթակառուցվածքային աշխատանքների համար:

Երեկ՝ հունիսի 30-ին, Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի նիստում պատգամավորները հաստատեցին 2020 թ. բյուջեի փոփոխությունները:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, երեք ամսվա ընթացքում, որպես եկամուտ մունիցիպալիտետի բյուջե չի մտել՝ 119 000 լարի ԱԱՀ-ից, բանկային տոկոսագումարից՝ 23 000 լարի, խաղային բիզնեսից՝ 150 000 լարի և Ախալքալաքի սպասարկման կենտրոնից՝ 8000 լարի: Ըստ այդմ, մունիցիպալիտետի ծախսերից Սակրեբուլոն հանել է համապատասխան գումարը` 300 000 լարին:

Քաղաքապետարանը նորոգման աշխատանքներից խնայված 119 570 լարի գումարը նախատեսել է հետևյալ ենթակառուցվածքային աշխատանքների կատարման համար:

. 42 920 լարի՝ Ազատության փողոցում 58.6 մ հատվածի վերականգնման համար
. 36 301 լարի՝ Խանդո գյուղի մանկապարտեզում սանհանգույցի կառուցման համար
. 11 882 լարի՝ Կիրովական գյուղում մինի մարզադաշտի կառուցման համար
. 3114 լարի՝ Մոդեգամ գյուղում ջրագծի վերականգնման համար
. 25 353 լարի՝ Մուրջախեթ գյուղում մինի մարզադաշտ կառուցելու համար

Ախալքալաքի մունիցիպալիտետի Սակրեբուլոյի պատգամավորները հաստատել են վերը նշված աշխատանքները:

Քանի որ տեղական ղեկավարությունը կառավարությունից հրաման էր ստացել, կորոնավիրուսի հետ կապված դժվարին իրավիճակի պատճառով, մինչև տարեվերջ աշխատողներին պարգևավճարներ չվճարել, ուստի նրանք Ախալքալաքի մունիցիպալիտետի բյուջեից հանել են 166 600 լարի: Քաղաքապետարանի բյուջեից հանել են 120 000 լարի, իսկ Սակրեբուլոյի բյուջեից` 40 հազար լարի նախատեսված աշխատողների պարգևավճարների համար, ինչպես նաև մունիցիպալիտետի զինծառայության բաժնի բյուջեից` 6 600 լարի:

Մունիցիպալիտետը չեղյալ է հայտարարել «Տավշանկա» մանկապատանեկան ճամբարը, դրանով իսկ խնայելով 40 000 լարի, մարզական լողավազանի ծախսերից խնայվել է 25 000 լարի, մարզադպրոցից` 13 000 լարի, իսկ մանկապարտեզներից` 55 400 լարի:

Պատգամավորները երեկ նաև համաձայնություն են տվել գյուղերում քաղաքապետի ներկայացուցիչների և մասնագետների 7 ամսվա աշխատավարձը 377 720 լարի չափով բյուջեի աշխատավարձի հոդվածից տեղափոխել ոչ հաստիքայինի (պայմանագրային) հոդված: