Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունեցավ սգո միջոցառում, նվիրված Սպիտակի աղետալի երկրաշարժի զոհերին: Կիրակնօրյա դպրոցի սաների շուրթերից հնչում էին ցավի, հիշեցումի և վերածննդի խոսքեր:

Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդությանը կից գործող Կիրակնօրյա դպրոցի սաների համար նախ փոքրիկ դասախոսություն կարդաց Տեր Եղիշե քահանա Հարությունյանը: Նա երեխաներին մանրակրկիտ բացատրեց ինչ է երկրաշարժը և կիսվեց իր հիշողություններով:

«Այսօրվա նման թարմ են հիշողություններս: Շիրակի դաշտավայրն ամբողջությամբ սևով էր պատվել: Ապշել էի, նույնիսկ ագռավներն էին մարդկանց օգնում: Նրանց միջոցով բետոնների տակից կենդանի մարդկանց էին դուրս բերում: Բառիս բուն իմաստով գետինը ճաք էր տվել, որի մեջ հայտնվեց Հայաստանի հյուսիսը», – պատմեց Տեր Եղիշեն:

Այնուհետև երեխաները գեղարվեստական մասով ավարտեցին սգո, հիշեցումի և վերածննդի միջոցառումը:

Աղունիկ Այվազյան