Բեժանոցիները դժգոհում են, որ տարին բերքառատ չէր գազարի համար, որը իրենց եկամտի հիմնական աղբյուրն է հանդիսանում:

Երբ ասում են Բեժանո, մարդիկ միանգամից արձագանքում են՝ «փուրչուլուղի գեղը»: Այստեղ ամեն ինչ ասոցացվում է գազարի հետ: Կարտոֆիլի փոխարեն այստեղ գազարով են անում յուրաքանչյուր փոխանակություն:
Bejano gyuxy verevic
Ցուրտ լինելու պատճառով մարդիկ այստեղ զբաղվում են հիմնականում անասնապահությամբ և գազարի մշակմամբ: Բեժանո գյուղում ընտանիք չկա որ գազար չմշակի: Տոնականյանները ևս գազար են մշակում, որից էլ գոյանում է նրանց հիմնական եկամուտը: Ի տարբերություն անցած տարվա, Գուրգեն Տոնականյանը 10 տոննայի փոխարեն 6-7 տոննա գազար է հավաքել:

«Մենք քիչ ենք ցանում, միայն տան դիմացի հողամասը: Այս տարի բերքը քիչ է, բայց գինը լավ է: Ճիշտ է կարկուտը «տարավ» բերքը ու քիչ բերք հավաքեցինք, բայց գոնե որակով էր»:
puchulux
Գյուղացիների խոսքերով տարին բերքառատ չէր: Գարնանը, երբ գազարին խոնավություն էր անհրաժեշտ, անձրև չի տեղացել:

«Ջրելու հնարավորություն չունենք, տարին էլ անձրևային չէր, դրա համար էլ հաջող բերք չհավաքեցինք»,- նշեց Գուրգենը:

Անցած տարվա համեմատ գազարի շուկայական գինն այս տարի բավականին բարձր է, սակայն գյուղացիները դժգոհում են, միևնույն է իրենց եկամուտը քիչ է: Վերավաճառողներն ավելի շատ գումար են վաստակում, քան գյուղացիները: Քանի, որ վերջիններս բեռնատար մեքենաներ չունեն, որպեսզի իրենք գազարը հասցնեն Թբիլիսիի շուկաներ: Այս տարի 1 կգ գազարը Բեժանո գյուղում արժի 60-70 թեթրի, Ախալքալաքում՝ 1 լարի, իսկ Թբիլիսիում՝ 1,5 լարի:
bejano gyux
«4-5 անգամ քաղհան ենք անում, ամբողջը ձեռքի աշխատանք է, տեխնիկա չունենք: Ինչ անենք ստիպված ենք, փուրչուլուղով ենք ապրում: Տարեկան 1000 լարիի եկամուտ ենք ունենում: Դա ինչ փող է: Մեծ ընտանիք ենք հազիվ ալյուրի, հացի համար է բավականացնում: Եթե խոպանը չլինի, չենք կարողանա ապրել», – ասաց Գուրգեն Տոնականյանը, ավելացնելով. «Էս գեղը փուրչուլուղի գեղ է»:
gyux
Աղունիկ Այվազյան