Այսօր, հունիսի 14-ին Հայաստանի Ազգային Ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն իր առանձնատան բակում հայտարարել է, որ շանտաժի է ենթարկվում։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել ԲՀԿ նախագահի Առինջ գյուղում գտնվող առանձնատանը։

Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց այս պահին հավաքված են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները, ինչպես նաև մի խումբ քաղաքացիներ, որոնք ներկայանում են որպես կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի աջակիցներ:

ԱԱԾ դիմած հավաքված ԲՀԿ-ական պատգամավորները, մասնավորապես Շաքե Իսայանը հայտարարել է, որ իրենք ներքին տեղեկություններ ունեն, որ Գագիկ Ծառուկյանին այսօր ձերբակալելու են, իսկ վաղը ԱԺ-ում նրան անձեռնխմելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացվելու:

ԲՀԿ-ականները շարունակում են պնդել, թե սա քաղաքական հետապնդում է: «Մենք չենք բացառում, որ հենց վաղն առավոտյան արտահերթ նիստով կարող է ԱԺ բերվել և պարոն Ծառուկյանի անձեռնմխելիության հարցը քննվել»,- ասաց Շաքե Իսայանը:

Առանձնատան մուտքի մոտ հավաքված իր աջակիցներին մոտենալուց հետո ԲՀԿ նախագահը հայտարարել է․ «Այսօրվա, այս պահը սարքածա, այո, քաղաքական ա, ուզում են ճնշում գործադրեն, շանտաժ և վախեցնեն, բայց ես այսօր ձեզ ասում եմ որպես Ծառուկյան Գագիկ՝ անբարոյականի տղա լինեմ, թե հետ կանգնեմ»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հասցեին քննադատություններ հնչեցնելուց հետո Գագիկ Ծառուկյանը հայտարարել, որ գնում է հարցաքննության։

Նրա հայտարարությունից առաջ ԱԱԾ–ն հաղորդագրություն է տարածել, որ բացահայտվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության արդյունքում պետությանը տասնյակ միլիարդավոր դրամների հասնող վնասի պատճառման դեպքեր։ Խոսքը Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի լա» խաղատանն է վերաբերվում։ Ըստ ԱԱԾ–ի, խաղատան գործունեության ընթացքում պետությանը պատճառվել է 29.7 միլիադ դրամի վնաս։

Այսօրվա խուզարկությաից մեկ շաբաթ առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր, որ Հայաստանի կառավարությունը 100 տոկոս կազմով պետք է փոխվի։