Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կոչ է անում երկրի ընդդիմադիր կուսակցություններին առաջիկա խորհրդարանական ընտրություններին ներկայացնել միասնական թեկնածուներին: Սաակաշվիլին այս մասին հայտարարել է ֆեյսբուքյան իր տեսաուղերձում:

Սաակաշվիլին համարում է քվեարկության «այլնտրանք չունեցող» հետևանք՝ իշխանությունից «Վրացական երազանքի» հեռացումը, որը հիմնադրվել է միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի կողմից: Միևնույն ժամանակ, նա հայտարարում է, որ «դժվար է նման ռեժիմների դեմ գործել առանց ընդհանուր ջանքերի»:

Նախկին նախագահը ողջունել է շարունակական ընդդիմության խորհրդակցությունները՝ միամանդատ ընտրատարածքներում միասնական թեկնածուների առումով: Միևնույն ժամանակ, նա կոչ է անում «Վրացական երազանքի» ընդդիմախոսներին՝ ուժեղացնել համախմբումը և ստեղծել «թեկնածուների մի մեծ ցուցակ»: Սա նշանակում է, որ ընդդիմադիր կուսակցությունները պայքարելու են միասնական թեկնածուների հաղթանակի համար, ինչպես միամանդատ, այնպես էլ բազմամանդատ ընտրատարածքներում:

«Ես ցանկանում եմ հայտնել իմ դիրքորոշումը մոտեցող ընտրությունների հետ կապված… Ես ողջունում եմ ցանկացած քայլ, որը համակարգված է ընդդիմության խմբերի գործողություններով… Ես ողջունում եմ այն քայլերը, որոնք արվել են մեծամասնականների հետ համակարգման առումով: Այնուամենայնիվ, ես ուզում եմ ասել, որ այժմ կա մի իրավիճակ, երբ մենք բոլորս պետք է մի կողմ դնենք մեր պատվախնդրությունը և բոլոր ընդդիմադիր խմբերը միավորենք մեկ ցուցակում: Սա միասնության ամենաճիշտ և ճշտգրիտ ձևերից մեկն է: Այդպիսին է Վրաստանի նախորդ փորձը, և այդպիսին է ողջ աշխարհի փորձը: Եկե՛ք միավորվենք», – ասաց Սաակաշվիլին:

Նա հավելել է, որ նման ցուցակում տեղերի բաշխումը իր համար մեծ նշանակություն չունի: Այնուամենայնիվ, Սաակաշվիլին առաջարկում է ցուցակային համարները որոշել «համաձայն կուսակցությունների վարկանիշի և աջակցության»:

«Ես պատրաստ եմ քննարկել այս ոլորտում բոլոր տեսակի առաջարկները: Հուսով եմ, որ քննարկումը բաց կլինի, և մենք, իհարկե, որոշ արդյունքների կհասնենք», – ասել է նա:

Վրաստանում խորհրդարանական ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 31-ին: Ընտրարշավը պաշտոնապես կսկսվի օգոստոսի վերջին` ընտրությունից 60 օր առաջ: 150 պատգամավոր պետք է ընտրվի խորհրդարանում՝ ըստ խառը համակարգի` ըստ կուսակցական ցուցակների և մեծամասնական միամանդատ ընտրատարածքների: Մոտ ժամանակներս Վրաստանի խորհրդարանը պետք է ընդունի ընտրական օրենսդրության մեջ փոփոխությունները, որը կավելացնի համամասնական ընտրակարգով մանդատների թվաքանակը և կկրճատի մեծամասնական պատգամավորների թիվը:

Ներկայումս մեծամասնական ընտրատարածքներում միասնական թեկնածուների վերաբերյալ խորհրդակցություններն անցկացվում են Սաակաշվիլիի ստեղծած «Միասնական ազգային շարժում» և ավելի քան երկու տասնյակ ընդդիմադիր կուսակցությունների կողմից:

Ինչ վերաբերում է Միխեիլ Սաակաշվիլիին, ապա նա ներկայումս ունի ուկրաինական քաղաքացիություն, իսկ վերջերս նշանակվել է Ուկրաինայի բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար: Վրացական իշխանությունները կարծում են, որ Սաակաշվիլիի առաջիկա ընտրությունների վերաբերյալ հայտարարությունները միջամտություն են հանդիսանում երկրի ներքին քաղաքականությանը:

Այն բանից հետո, երբ Սաակաշվիլին հունիսի 11-ին տեսաուղերձ էր հրապարակել ֆեյսբուքում, որում կոչ էր անում երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցություններին՝ Վրաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Դոլգովը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն: Ավելի ուշ, Արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հայտարարել էր, որ Թբիլիսին թույլ չի տա Կիևի հետ ռազմավարական հարաբերությունները փչանան Սաակաշվիլիի պատճառով:

Նյութը՝ «Новости-Грузия»-ից