Վերջին ժամանակներում մեծ տարածում են գտել էլեկտրական շարժիչով սեպերատորները (կաթի զտիչ), բայց Ջավախքի գյուղերի տարեց կանայք կարծում են, որ ոչ մի էլեկտրական սարքավորում չի փոխարինի իրենց ձեռքի աշխատանքը: Նրանք հավատում են, որ ավելի լավ սերուցք է ստացվում, եթե կանայք հավաքվում են զտիչի մոտ և հերթով պտտում բռնակը:

Էլեկտրական սեպերատորների աշխատանքի սկզբունքը նման է ձեռքի զտիչին, սակայն Ջավախքի գյուղերում առ այսօր դիմակայում են տեխնիկական նորամուծություններին:

Մարո Սահարյանն ապրում է Ախալքալաքի շրջանի Կարտիկամ գյուղում: Նա ավելի քան 40 տարի շարունակ արտադրում է տարբեր գյուղատնտեսական մթերքներ՝ տան օգտագործման համար: Չնայած ավելի հեշտ տարբերակներին, նա մտադիր չէ հրաժարվել հին ավանդույթից: Նրա գրեթե ամեն առավոտը սկսում է կաթը զտելով՝ հետագայում պանիր, կարագ պատրաստելու համար…

«Չեմ կարող ասել, որ հեշտ է ձեռքով պտտելը, բայց ես չեմ հրաժարվի դրանից: Հարսս և հարևաններս օգնում են ինձ», – ասում է Մարո Սահարյանը:

Հիմնական գյուղամթերքներից մեկը, որը մեզ տալիս է գյուղատնտեսությունը` կաթն է, բայց մթերքների ավելի լայն տեսականին է կոչվում կաթնամթերք, և դրանց արտադրության համար կիրառում են այն գործընթացը, ինչպիսին է կաթի զտումը:

Կաթի սեպերատորները գյուղատնտեսության մեջ ամենապիտանի և անհրաժեշտ բաներից մեկն է, քանի որ հենց դրա շնորհիվ է, որ մեր սեղանների վրա կա սերուցք և համեղ, անյուղ կաթ:

Մեխանիկական սեպերատորներն աշխատում են մարդու միջամտությամբ, ով ստիպված է ջանք գործադրել` պտտել զտիչի բռնակը: Էլեկտրական զտիչները աշխատում են էլեկտրական շարժիչով:

3

Մարո տատը կաթից ստանում է սերուցք, սերուցքից էլ` կարագ: Անյուղ կաթից պատրաստում է պանիր:

Ինչպես պատմում է Մարո տատը՝ իր ձեռքերով պատրաստած կաթնամթերքը օգտագործում է ոչ միայն տանը, այլև փոխանակում է այլ, տարբեր ապրանքների հետ:

Նախկինում զտման պրոցեսը տևում էր ավելի երկար, քանի որ այն ժամանակ յուրաքանչյուր ընտանիք ավելի շատ անասուն էր պահում, բացի այդ, նախկինում հարևանները կաթը հավաքում էին և վերամշակում էին միասին: Զտիչի միջոցով կաթից սերուցք ստանալու գործընթացը տարբեր տևողություն ունի՝ կախված կաթի քանակից:

«Մենք մի կով ունենք, հետևաբար, մեր կաթը քիչ է: Մենք զտում ենք 30 րոպեից մինչև մեկ ժամ, այն ժամանակ, երբ շատ կովեր էինք պահում, մի քանի ժամ պտտում էինք սեպերատորը», – ասում է Մարո Սահարյանը:

1

Մարո Սահարյանն օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, անպայման առանձնացնում է կաթի զտիչը և սարքի մասերը մանրակրկիտ լվանում է տաք ջրով: Զտիչի մաքրման գործընթացը աշխատանքի արդյունավետության երաշխիքներից մեկն է:

«Սեպարատորը պետք է լինի մաքուր, եթե երեկոյան չես լվանում, առավոտյան կեղտոտ մեքենան չի կարողանա կաթից լավ առանձնացնել սերուցքը», – ասում է նա:

2

Ավագ սերունդը դեռ նախընտրում է իրենց սովոր, մեխանիկական գործիքներն ու սարքավորումները՝ չվստահելով նոր սարքերին՝ էլեկտրականներին: Այնուամենայնիվ, երիտասարդները կարծում են, որ սխալ է ժամանակը վատնել նրա վրա, ինչը կարելի է անել ավտոմատ սարքերի միջոցով: Սերունդների հավերժ պայքարում, «հայրերի և երեխաների խնդրում» ավանդույթը դեռ պահպանվում է, բայց աստիճանաբար տեղ է տալիս նորին…