Վրաստանի օդանավակայաններում միջազգային ավիաչվերթների վերսկսումից մի քանի շաբաթ առաջ սկսել են նախապատրաստվել ուղևորների ընդունելությանը: «Վրաստանի օդանավակայանների միավորման» տնօրեն Թամար Արչուաձեն պատմել է աշխատանքների մեկնարկի մասին:

Նա շեշտել է, որ հուլիսի 1-ից Վրաստանն աստիճանաբար կսկսի վերսկսել միջազգային օդային երթևեկությունը: Այս գործընթացը կանցկացվի հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակը աշխարհի տարբեր երկրներում:

«Օդանավակայանները նախապատրաստվում են: Հատակին պիտակներ են փակցվում, որպեսզի սոցիալական հեռավորությունը պաշտպանվի, նաև ուղևորները հնարավորինս հարմարավետ անցնեն ընթացակարգերը՝ տեղադրվում են ջերմաչափման սկաներներ», – ասում է Արչուաձեն:

Նախապատրաստական ​​աշխատանքները շարունակվում են ոչ միայն Բաթումիի, Թբիլիսիի և Քութաիսիի միջազգային օդանավակայաններում, այլև Մեստիայի և Ամբրոլաուրիի տեղական օդանավակայաններում: Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ներքին ավիաթռիչքները Վրաստանում կվերսկսվեն արդեն հունիսի 15-ից:

Օդանավակայանների տերմինալներում առկա նորամուծությունների շարքում են ձեռքի մաքրման միջոցների ապարատները: Բացի այդ, ուղևորներն այլևս չեն կարողանա սպասասրահներում զբաղեցնել հարևան նստատեղերը։ Թույլատրվում է երկու նստատեղի բացթողմամբ նստել: Բոլոր ուղևորներից պահանջվելու է կրել բժշկական դիմակներ:

Ըստ Արչուաձեի, նմանատիպ պահանջները` առնվազն մեկ մետր հեռավորություն պահելը և դիմակ կրելը, կկիրառվեն նաև ինքնաթիռում:

Այն դեպքում, եթե մարդը ջերմություն ունի, նա ստիպված կլինի անցնել լրացուցիչ բժշկական զննում: Միևնույն ժամանակ, ջերմաչափումը պարտադիր կլինի ինչպես ժամանողների, այնպես էլ արտասահման ուղևորվող քաղաքացիների համար:

«Վրաստանի օդանավակայանների միավորման» ղեկավարը վստահեցրեց, որ իրենք հաշվի են առել վերջերս ներդրված բոլոր հրահանգները, որոնք ներմուծվել են ուղևորների անվտանգությունը ապահովելու նպատակով:

Նոր կորոնավիրուսի համավարակի ֆոնին, մարտի 18-ին Վրաստանը փակել էր իր սահմանները օտարերկրացիների համար: Մարտի 21-ին երկրում հայտարարվել էր արտակարգ դրություն, դադարեցվել էր բոլոր ուղղություններով օդային երթևեկությունը: Միջազգային ավիափոխադրումների վերսկսման հետ մեկտեղ, հուլիսի 1-ից դադարում է գործել արտասահմանյան զբոսաշրջիկների մուտքի արգելքը: