Պահանջարկի նվազում և եկամտի կեսից ավելիի կրճատում, սրանք են Վրաստանում ձեռնարկատերերի հիմնական խնդիրները կորոնավարակի համաճարակի ժամանակ: Այսպիսին են PwC Georgia-ի հարցման նախնական տվյալները:

Հետազոտության ժամանակ հարցման է ենթարկվել 1938 մարդ, որից 46%-ը միկրոձեռնակրության ձեռնարկատեր է, իսկ 26%-ը՝ փոքր բիզնեսի ներկայացուցիչ: Հարցման ենթարկվածների 67%-ը մայրաքաղաքից է, իսկ 33%-ը՝ Վրաստանի մյուս շրջաններից:

Վրացական բիզնեսը դեմ առ դեմ COVID-19 համաճարակին՝ հետազոտության հիմնական արդյունքները

Հարցվածների 65%-ը հիմնական խնդիրը նշել է պահանջարկի նվազումը,

Ինքնազբաղվածների (միկրոբիզնես) ավելի քան 59%-ը ստիպված է եղել դադարեցնել ձեռնարկատիրական գործունեությունը,

Հարցվածների 63%-ը հայտնել է, որ ապրիլ-մարտ ամիսներին եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է ավելի քան 50%-ով,

Ընկերությունների միայն 44%-ը աշխատանքից չի հեռացրել աշխատողներին՝ 2020 թվականի մարտ-ապրիլ ամիսներին,

Սպասարկման և հանրային սննդի ոլորտում գործող ընկերությունների 71%-ը, առաջիկա երեք ամսում ակնկալում է ավելի քան 50% եկամտի անկում,

Ընկերությունների միայն 15%-ն է կարծում, որ նրանք կկարողանան պահպանել իրենց իրացվելությունը վեց ամիս,

Հարցվածների 79%-ը հայտարարել է լրացուցիչ ֆինանսավորման անհրաժեշտության մասին: Նրանց մեկ քառորդն արդեն դիմել է բանկերին և ֆինանսական այլ հաստատություններին,

Հարցվածների 27%-ը փնտրում է աշխատանքային կապիտալի ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ,

Հատկանշական է, որ Թբիլիսիում ձեռներեցներն ավելի հոռետես են: Ուսումնասիրության համաձայն, մայրաքաղաքում հարցվածների 51%-ն ակնկալում է եկամուտների կրկնակի կրճատում, իսկ շրջաններում՝ հարցվածների 44%-ը:

Նմանատիպ միտում է նկատվում աշխատակիցների կրճատման տեսանկյունից: Թբիլիսիում հարցված գործարարների 45%-ը կանխատեսում է իրենց ընկերություններում աշխատողներին աշխատանքից հեռացնելու մասին, իսկ շրջաններում՝ հարցվածների 37%-ը:

Ինչպե՞ս արձագանքեց բիզնեսը ճգնաժամին

Ուսումնասիրության նպատակներն են. գնահատել վրացական ընկերությունների վիճակը՝ ֆինանսական իրացվելիության տեսանկյունից, ինչպես նաև տեսնել, թե ինչպիսի՞ն է նրանց առաջին արձագանքը համաճարակի պատճառած ճգնաժամին:

Պարզվել է, որ ընկերությունների մեծամասնությունը փորձել է պահանջարկի նվազման և իրացվելիության խնդիրները լուծել կրճատումների հաշվին:

Հարցվածների ավելի քան 50%-ը նշել է, որ իրենք արդեն աշխատանքից ազատել են որոշ աշխատակիցների: Ամենամեծ կրճատումները տեղի են ունեցել այն ձեռնարկություններում, որոնք աշխատում են զբոսաշրջության և սպասարկման ոլորտում: Այդպիսի ընկերությունների ավելի քան 40%-ը աշխատանքից ազատել է բացարձակապես բոլոր աշխատակիցներին:

Հետազոտության համաձայն՝ ամենաքիչը համաճարակը ազդել է գյուղատնտեսական հատվածին: Այս ոլորտում հարցված ձեռնարկատերերի 60%-ը հայտնել է, որ իրենք չեն նախատեսում աշխատակիցներին կրճատել կամ իրենց աշխատակիցներին ուղարկել չվճարվող արձակուրդի՝ առաջիկա երեք ամիսների ընթացքում: