Բելգիահայ գործարարը կնպաստի Վրաստանի զբոսաշրջային ոլորտի վերականգնմանը։ Յանիք Քալանթարյանը նշանակվել է Բելգիայում Վրաստանի պատվո հյուպատոս։ Թիֆլիսի հայտնի Քալանթարյաններից սերող հայ գործարարը Եվրոպայի սրտում մարկետինգի հմուտ մասնագետ է համարվում, ակտիվորեն ներգրավված է բիզնեսի տարբեր ճյուղերում, հայ և վրացական համայնքային կառույցներում։ Այսուհետ նա պաշտոնապես Վրաստանի պատվո հյուպատոսն է Բելգիայում։

Հայ օտարերկրացին Վրաստանի պատմության մեջ առաջին անգամ պաշտոն է ստանում արտգործնախարարությունում։ Բելգիայի հայ համայնքի ակտիվ գործիչ, հայտնի գործարար Յանիք Քալանթարյանը Բրյուսելում Վրաստանի պատվո հյուպատոս է նշանակվել։ Սերում է Թիֆլիսի հայտնի Քալանթարովների տոհմից, որոնք մեծ ավանդ են ունեցել երկրի մշակույթի, առևտրի ու արդյունաբերության զարգացման գործում։ Յանիք Քալանթարյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է՝ միշտ հպարտացել է, որ հայ է, արմատներով Թիֆլիսից։

Ծնվելով ու մեծանալով Բելգիայում, մշտապես սերտ կապ է պահպանել Վրաստանի հետ, առաջին անգամ Թբիլիսի եկել է խորհրդային տարիներին։ Այսօր արդեն նրա բիզնեսը հասել է նաև Վրաստան։ Քալանթարյանն ասում է՝ պատվո հյուպատոսի պաշտոնում անելու է ամեն ինչ՝ նորանոր ներդրումներ ու մեծաթիվ զբոսաշրջիկներ բերելու Վրաստան։

«Իհարկե տուրիզմը Վրաստանի ամենակարևոր ուղղություններից է։ Ես ուրախ կլինեմ, որ հուլիսի մեկից կարողանանք Վրաստան մեկնել հանգստանալու։ Անցյալ տարվանից ուղիղ թռիչքներ կան Բրյուսել -Թբիլիսի, Քութայիսի եւ հակառակ ուղղությամբ»։

Ասում է՝ եվրոպացիներն ուզում են մեկնել Վրաստան, պատրաստ են համավարակից հետո շրջագայել, այցելել հատկապես մի երկիր, որն այս փուլում հաջողությամբ հաղթահարել է համավարակը, կայուն է, անվտանգ, զարգացած ու զբոսաշրջիկների համար չափազանց հետաքրքիր իր բազմազանությամբ․

«Հիմա ընկերներս արդեն հարցնում են՝ Յանիկ ջան, կարող ես օգնել գնանք Վրաստան։ Վրաստանն արդեն պատրաստվում է բարի գալուստ ասել առաջին զբոսաշրջիկներին»։

Քալանթարյանը միևնույն ժամանակ չի դադարում իր կապը Հայաստանի հետ։ Նա Բրյուսելում հիմնադրել է Հայաստան-Բելգիա առևտրատնտեսական պալատը, տարբեր ծրագրեր է իրականացնում «Ազանվուր» հիմնադրամի հետ։

Ասում է՝ Հայաստանն ու Վրաստանը պետք է անցնեն զբոսաշրջիկների փոխանակման․ «Եվրոպացիների համար հեշտ կլինի միաժամանակ տեսնել երկու հնավուրց երկրները»։

Քալանթարյանի նախապապը Թբիլիսիում հայտնի նավթարդյունաբերող է եղել, որ աշխատում էր Գյուլբենկյանի ու Մանթաշևի հետ։ Քալանթարովների լեգենդար տունը Թբիլիսիի պատմական Սոլալակ թաղամասի այցեքարտերից է այսօր, զբոսաշրջիկների ամենասիրելի վայրերից մեկը։

Ասում են՝ նավթարդյունաբերող Միխայիլ Քալանթարովը, երբ որոշել էր ամուսնանալ օպերային երգչուհու հետ, վերջինս պայման է դրել՝ տուն կառուցել օպերայի շենքի նման։ Տունը կառուցում է ժամանակի տաղանդավոր ճարտարապետ Ղազարոս Սարգսյանը։

Յանիք Քալանթարյանն ասում է, որ հոր երազանքն էր վերադարձնել պապական տունը, սակայն խորհրդային տարիներին այն հնարավոր չէր։ Այսօր Քալանթարովների տունը Վրաստանի մշակութային ժառանգության հուշարձանների ցանկում է․

«Տունն իմ ընտանիքին չի պատկանում, բայց ես երջանիկ կլինեի այն ձեռք բերել։ Ապագայում եթե հնարավորություն լինի, ես պատրաստ եմ այն գնել»։

Քալանթարովները Վրաստանից հեռացել են 20-րդ դարասկզբին։ Յանիք Քլանթարյանն ասում է, իրենց ընտանեկան ունեցվածքից ոչինչ չի հասել, նրանք Եվրոպայում այլևս հարուստ չէին, սակայն լավ կրթություն ունեին։

«Իմ պապիկն ու տատիկը կրթված են եղել, ազնվականներ էին, խոսել են գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, ինչպես նաև վրացերեն ու հայերեն։ Ես ափսոսում եմ, որ չգիտեմ հայերեն ու վրացերեն, երբ փոքր էի, նրանք իմ հետ խոսում էին միայն ֆրանսերեն»։

Հայ-վրացական հարաբերությունները Բելգիայում Վրաստանի ազգությամբ հայ հյուպատոսի լիազորությունների շրջանակում չեն, բայց ասում է՝ շարունակում է ամեն ինչ անել դրանց ամրապնդման համար։

Նյութն արտատպված է Հայաստանի Հանրային Ռադիոյից