Ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի՝ չնայած ծանր տնտեսական ճգնաժամին, կենսաթոշակների բարձրացումը կշարունակվի հուլիսի 1-ից:

«Վերջին տարիներին, հատկապես այս տարի, թոշակառուների կենսաթոշակն ավելացել է 20 լարիով: Չնայած տնտեսական բարդ իրավիճակին, հուլիսի մեկից կշարունակվի կենսաթոշակների բարձրացումը: Բացի այդ, ինչպես գիտեք, մենք նախաձեռնությամբ դիմել ենք խորհրդարան, որ գնաճի նկատմամբ իրականանա թոշակի մշտական ինդեքսավորում, իսկ 70 տարեկանից բարձր թոշակառուների համար դրան պետք է ավելանա նաև տնտեսական աճի 80 տոկոսը»,- հայտարարել է Գախարիան:

Ըստ նրա՝ բոլորը քաջ գիտակցում են, որ դա բավարար չէ:

«Ես քաջ գիտակցում եմ, որ բոլոր այս թվերի հետևում կանգնած է մեր քաղաքացիների առօրյա, ծանր կյանքը: Հաճախ այս կյանքը լի է ողբերգություններով, բայց մենք պետք է հասկանանք, որ վերջին 7-8 տարիների ընթացքում մենք ձեռնարկել ենք ամենակարևոր քայլերը, որպեսզի աղքատության կրճատման դինամիկայի տեսանկյունից երկրում գոնե դա լինի հուսադրող յուրաքանչյուր քաղաքացու համար»,- հայտարարել է վարչապետը:

70 տարեկանից բարձր թոշակառուների կենսաթոշակային հավելավճարը պետության կողմից նախատեսվել էր դեռ այս տարվա սկզբին:

Ըստ կառավարության տվյալների՝ Վրաստանում 2020 թվականի ապրիլ ամսվա դրությամբ կենսաթոշակ է ստանում շուրջ 770 հազար մարդ, որը կազմում է 220 լարի: Բարձրալեռ բնակավայրերում ապրող կենսաթոշակառուները ստանում են կենսաթոշակային 20%-ոց հավելավճար՝ բարձրալեռ շրջանների զարգացման ծրագրի շրջանակներում, այսինքն՝ 264 լարի:

Ստացվում է, որ 2020-ի հուլիսից՝ Ախալքալաքի շրջանում, 70 տարեկանից բարձր 3800 թոշակառու կստանա 294 լարիի չափով կենսաթոշակ: