Այսօրվանից հասարակական տրանսպորտը աստիճանաբար վերսկսում է իր աշխատանքը Ախալքալաքի մունիցիպալիտետում, բայց ոչ բոլոր վարորդներն են դուրս եկել աշխատանքի, այն էլ ոչ առավոտից:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով գրեթե երկու ամիս իր աշխատանքը դադարեցված հասարակական տրանսպորտը այսօրվանից սկսել է աշխատել:

Առավոտից Խոսպիոյի բնակիչները բողոքում էին, որ տրանսպորտը վերսկսել է աշխատել ամբողջ Վրաստանում, իսկ նրանք ստիպված էին տաքսիով գնալ քաղաք՝ վճարելով ավելի շատ գումար: Սակայն, ժամը 12:00-ի սահմաններում Ախալքալաք-Խոսպիո երթուղային տաքսին արդեն սկսել էր իր աշխատանքը:

Մեր դիտարկմամբ՝ այսօր հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել ոչ բոլոր ուղղություններով:

Երթուղայիններն իրականացնում էին ուղևորափոխադրումները հետևյալ ուղղություններով՝ Խանդո, Ալաստան, Կոկիո, Գոման, Բալխո և Խոսպիո:

Մնացածները դեռ պատրաստվում են աշխատանքը վերսկսելուն: Ոմանք վերանորոգում և պատրաստում են տրանսպորտային միջոցները, իսկ ոմանք էլ սպասում են, որպեսզի համոզվեն, որ կարող են աշխատել:

Հասարակական տրանսպորտը չի կարգավորվում մունիցիպալիտետի կողմից: Որոշ ուղղություններ աշխատում են քաղաքային ավտոկայանի միջոցով, իսկ ոմանք՝ ինքնուրույն: Մեր դիտարկմամբ՝ երթուղայինները գնում են դեպի Կարտիկամ, Սամսար, Բեժանո, Խանդո, Բավրա, Վաչիան, Ալաստան, Տուրցխ, Կոկիո, Խոսպիո գյուղեր:

Տրանսպորտում ինչպես ուղևորները, այնպես էլ վարորդը պետք է կրեն պաշտպանիչ դիմակներ: Այս կարգի պահպանումը վերահսկվում է պարեկային ոստիկանության կողմից:

Բացի այդ, կառավարության և համաճարակաբանների որոշմամբ արգելվում է երթուղայիններում օդորակիչները միացնելը: Երթևեկել հնարավոր է միայն բաց պատուհաններով: Երթուղային տաքսիների վարորդներին նաև արգելվում է ուղևորներին տեղափոխել կանգնած վիճակում:

Համավարակի հետ կապված Վրաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու առումով արտակարգ դրությունը գործում էր մարտի 21-ից ներառյալ մայիսի 22-ը:

Դեռևս Վրաստանում արտակարգ դրության գործարկումից առաջ՝ մարտի 18-ից երթուղային տաքսիները դադարեցրել էին իրենց աշխատանքը: Մարտի 31-ից դադարեցվել էր ինչպես ավտոբուսների, այնպես էլ մետրոյի աշխատանքը:

Հաշվի առնելով համաճարակաբանական իրավիճակի բարելավումը, վրացական իշխանությունները սկսել են մեղմել ապրիլի 27-ին կիրառված սահմանափակումները: Երկրում շարունակում է գործել մի շարք սահմանափակումներ, որոնք փուլ առ փուլ կհանվեն մինչև հուլիսի 15-ը:

Այսպիսով, օրինակ, միջքաղաքային ուղևորափոխադրումների բոլոր տեսակները դեռևս դադարեցված են: Արդեն հայտնի է, որ դրանք կթույլատրվեն հունիսի 8-ից: