Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնը պատրաստ է թեստավորման և այլ հարցերով օգնել Հայաստանի նմանատիպ կենտրոնին, եթե այդպիսի անհրաժեշտություն լինի։ Այս մասին է հայտարարել կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն:

«Մեկ շաբաթ առաջ փոքր թյուրիմացություն եղավ: Մենք եղբայրական ազգ ենք, միշտ իրար կողքի կանգնած ենք, լավ հարաբերություններ ունենք: Հայաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի հետ մշտապես հաջող համագործակցություն ենք ունեցել, փոխանակել ենք տարբեր միջոցներ, պատվաստանյութեր և այլն:

Եթե ​​Հայաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնը մեզ, որպես հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դիմի` թեստավորման կամ այլ խնդիրների հետ կապված, մենք՝ մեր իրավասության շրջանակներում պատրաստ ենք օգնել», — ասել է Գամղրելիձեն:

Հայաստանի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությունը Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակի մասին ու դրան հետևած վրացական կողմի արձագանքների հետ կապված պատմությունը Գամղրելիձեն փոքր թյուրիմացություն է որակել։

Գամղրելիձեն ընդգծել է, որ երկրները հաճախ են փոխանակվել տարբեր դեղամիջոցներով ու պատվաստանյութերով, երբ դրա անհրաժեշտությունն էր լինում։