Ախալքալաքի անօթևան շներին կացարան տեղափոխելու համար տենդերը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով: Այնուամենայնիվ, ըստ քաղաքապետարանի, մոտ ժամանակներում կրկին տենդեր կհայտարարվի:

Այս տարի Ախալքալաքի մունիցիպալիտետի տեղական բյուջեից 25 000 լարի է հատկացվել՝ մունիցիպալիտետի անօթևան շներին բռնելու, հետազոտելու և ստերիլիզացնելու համար, թեպետ տենդերը չի կայացել՝ մասնակիցների բացակայության պատճառով:

Քաղաքում անօթևան շների խնդիրը վերջերս արդիական է դարձել: Ախալքալաքի բնակիչները հաճախ դժգոհում են, որ անօթևան շների ոհմակները վախ են առաջացնում և ագրեսիվ են: Մարդիկ կրկին վախենում են տանից դուրս գալ վաղ առավոտյան կամ երեկոյան ժամերին, քանի որ փողոցներում կարող են հանդիպել հաչող շների:

Ըստ Ախալքալաքի Հանրային առողջապահության կենտրոնի, այս տարի արձանագրվել է շների մարդուն կծելու 23 դեպք:

ՀԱԿ-ի տնօրեն Ավետիք Տոնականյանի խոսքով՝ բոլոր 23 պացիենտները պատվաստվել են, որոնց կծել էին շները:

Ըստ քաղաքապետարանի հաղորդման՝ շուտով կրկին կհայտարարվի տենդեր, և այն ընկերությունը, որն այն կշահի, անօթևան շներին կուղարկի կացարան, կհետազոտի նրանց և կվերադարձնի:

Ըստ փոխքաղաքապետ Արմեն Մառանգոզյանի՝ ներկայումս նախապատրաստվում են անօթևան շներին բռնելու տենդերային փաստաթղթերը և շուտով կրկին կհայտարարվի նոր տենդերը:

Շներին պետք է բռնեն միջազգային չափանիշներին համապատասխան և նրանց տեղափոխեն հատուկ մեքենաներով: Անհրաժեշտության դեպքում, ծանր հիվանդ կենդանիներին կարող են ենթարկել էվթանազիայի (կենդանուն ցավ չպատճառող սպանդ) և թաղել: