Ախալքալաքում, վարսավիրանոցները դեռևս չեն բարձրացրել ծառայությունների գները, նրանք փորձում են հետևել Հանրային առողջության կենտրոնի բոլոր հանձնարարականներին, բայց արդեն զգում են, որ նման պայմաններում աշխատելը ձեռնտու չէ:

Վրաստանում գեղեցկության սրահները, որոնք կորոնավիրուսի տարածման վտանգի պատճառով երկու ամիս փակ էին, մայիսի 18-ին վերաբացվել են: Սակայն, նրանք պետք է հետևեն հիգիենայի անվտանգության չափանիշներին՝ աշխատեն դիմակներով, բախիլներով և մեկանգամյա օգտագործման խալաթներով: Նույն պահանջները հաճախորդների նկատմամբ են: Բացի այդ, սրահի մուտքի մոտ պետք է լինեն ախտահանիչ գորգեր, իսկ ներսում հաճախորդների ձեռքերի ախտահանիչ միջոցներ: Այս ամենը լրացուցիչ ծախսեր են, և դեռևս պարզ չէ, թե ինչպես դա կանդրադառնա վարսավիրանոցների աշխատանքի և նրանց ծառայությունների գների վրա:

Մենք այցելեցինք քաղաքի երեք վարսավիրանոց և զրուցեցինք գեղեցկության սրահների սեփականատերերի և վարսահարդարների հետ: Բոլոր երեք վարսավիրանոցներն էլ գտնվում են քաղաքի կենտրոնում:

– Ախալքալաքում գեղեցկության սրահների աշխատանքում կան վերելքներ և անկումները: Այս հաստատությունների համար ամենազբաղված և եկամտաբեր սեզոնը նոյեմբերի վերջից մինչև մարտի վերջն է՝ հարսանիքների սեզոնը, երբ սրահները սկսում են աշխատել առավոտյան 4: 00-ին կամ 5: 00-ին և ավարտում իրենց աշխատանքը ուշ երեկոյան: Այս սեզոնին Ախալքալաքի սրահներն աշխատել են, և այդ արդյունքները մինչ այժմ պահպանում են իրենց:

Առաջին վարսավիրանոց.

«Կյանքը միանգամից փոխվեց, ոչ միայն ֆինանսապես: Բոլորս գնել ենք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, բախիլներ, խալաթներ: Սակավաթիվ հաճախորդներ ունենք, մենք նրանց ընդունում ենք նախապես պայմանավորվածությամբ՝ մեկական հաճախորդ: Գնել եմ ախտահանիչ գորգ, վճարել եմ 40 լարի, գնել եմ նաև ախտահանիչ լուծույթ, այդ ամենը փող արժի: Մենք պետք է մի փոքր բարձրացնենք գները, բայց դրա համար բոլորս պետք է հավաքվենք և որոշենք, թե որքան: Այս տարի հարսանիքների սեզոնին աշխատել ենք, չնայած որ բաց թողեցինք վերջին զանգը, առջևում ամառն է, և մենք ինչ-որ կերպ կդիմանանք, բայց ինչ կլինի աշնանը, չգիտեմ, այս ամենին կավելանա նաև ջեռուցումը: Մյուս կողմից, մարդիկ նույնպես փող չունեն, և նրանց համար նույնպես հեշտ չի լինի », – ասում է սրահներից մեկի սեփականատերը:

Այս սրահի աշխատակիցներից մեկը որոշել է, որ եթե աշխատելը ձեռնտու չլինի, նա կմնա տանը, ավելի լավ է այդպես, քան վնասով աշխատի:

– Երկրորդ գագաթնակետը վերջին զանգն է, երբ վերջին զանգի օրը, շրջանավարտների ընտանեկան խնջույքների օրերին, ինչպես նաև ավարտական երեկույթներին, սրահները կրկին սկսում են աշխատել կրկնակի ծանրաբեռնվածությամբ: Վերջին զանգին նվիրված տոնական միջոցառումների չեղարկման պատճառով Ախալքալաքի սրահներն այդ սեզոնը բաց թողեցին:

Երկրորդ վարսավիրանոց.

«Արդեն յուրաքանչյուրս դրել ենք 15-ական լարի, որպեսզի գնենք խալաթ, բախիլա և դիմակ, բայց դրանք արդեն վերջանում են: Նոր ենք սկսել աշխատել, և առայժմ մենք ոչինչ չենք կարող ասել: Հաճախորդները նույնպես քիչ են, միայն մեր մշտականներն են գալիս: Բոլորը պետք է բարձրացնեն գները, թե չէ նրանք, ովքեր աշխատում են տանը, կարող են չթանկացնել, բայց ես չգիտեմ, թե ինչպես են նրանք պահպանելու ախտահանման միջոցառումները », – ասում է վարսավիրը:

– Սրահների համար ամառը “մեռած” սեզոն է: Հաճախ նրանք ամռանը արձակում են իրենց աշխատողների մի մասին կամ հերթափոխով են աշխատում:

Մեր այցելության ընթացքում երրորդ վարսավիրանոցը դատարկ էր և վարսավիրները դժգոհում էին, որ օրվա մեջ ընդամենը երկու հաճախորդ են ունեցել, իսկ օրն արդեն ավարտին էր մոտենում:

«Ամեն օր բարձրացնում են մեկանգամյա օգտագործման խալաթների, բախիլների գները, որոնք անորակ են և մազեր են հավաքում, մենք, հավանաբար, պարզապես սպիտակ խալաթներ կգնենք և ամեն օր կլվանանք, այդպես, թե՛ կտնտնեսենք, և թե՛ հարմար կլինի: Ես չգիտեմ, թե ինչպես կդիմանանք այս ամենին, եթե ամեն ինչի գները շարունակեն բարձրանալ, ապա պետք է լրջորեն մտածենք գների բարձրացման մասին: Մի տարի հարսանիքներ չեն լինելու, մինչդեռ մենք մեծ գումարներ էինք վաստակում հենց հարսանիքների ժամանակ », – ասում են սրահում:

Բոլոր վարսահարդարները դժգոհում էին լրացուցիչ պաշտպանիչ ատրիբուտների բարձր գներից և դրանց անորակությունից: Վարսավիրներից մեկն ասաց, որ ֆենից խալաթներն այրվում են: Միայն մեկանգամյա օգտագործման մեկ խալաթն արժե 4-ից 5 լարի: Վարսավիրանոցները չգիտեն, թե ինչ անել և ինչքանով բարձրացնել ծառայությունների գները, որպեսզի այն ձեռնտու լինի ինչպես վարսավիրանոցների, այնպես էլ հաճախորդների համար:

Հանրային առողջության կենտրոնի բժիշկ և համաճարակաբան Նազելի Դեմուրճյանն ասում է, որ Կենտրոնը պարտավոր չի վերահսկել սրահները, բայց նրանք մշտական կապի մեջ են:

«Մենք հանձնարարականներ ենք ստացել Թբիլիսիից, և բոլոր նրանց, ովքեր հարցրել են, տրամադրել ենք այդ հանձնարարականները: Քաղաքապետարանը պետք է պաշտոնապես դիմի մեզ, որպեսզի մենք սկսենք իրականացնել վերահսկողություն: Հիմա դա մեր գործառույթը չէ, քանի որ դա մասնավոր բիզնես է, իրենք պետք է իմանան այդ մասին, բայց ես բոլորին հանձնարարականները տալիս եմ, մարդիկ մեզ զանգում են խորհրդակցության նպատակով», – ասում է բժիշկ համաճարակաբան Նազելի Դեմուրճյանը:

Համաճարակաբանի խոսքով, զանգահարողները շատ են: Սրահներում նորմերը չպահպանելու համար տուգանքը կազմում է 15 000 լարի: