Չնայած ունեցած բազում խնդիրներին Ախալքալաքի Գավառագիտական թանգարանը, Գրադարանային միավորումն ու Աշուղական դպրոցը 2016 թվականի բյուջեի մեջ դրանց լուծման համար ծախսեր չեն նախատեսել:

Շրջանային ժողովը նոյեմբերի 24-ին քննարկեց երեք հաստատությունների բյուջեները, որոշ տեխնիկական շտկումներից հետո ներկայացված գումարները նույնությամբ ներառվեցին 2016 թվականի բյուջեի նախագծի մեջ:

Ախալքալաքի Գրադարանների միավորման տնօրեն Թեկլե Վախտանգիշվիլին ներկայացրեց քաղաքային ու գյուղական գրադարանների անմխիթար շենքային պայմաններն ու գրքերի բացիթողի վիճակը: Ժողովի պատգամավորներին խնդրեց ուշադրություն դարձնել հատկապես գյուղական գրադարաններին, որոնք երկար տարիներ ոչ թարմացվել են նոր գրականությամբ, ոչ էլ ունեցած գրականությունը պահելու պայմաններ ունեն:

«Գրադարանը վառարանով ենք տաքացնում, սենյակները վերանորոգման կարիք ունեն, դուռ-պատուհան փոխելու են: Ոչ մեկ չի գնա ցուրտ սենյակում ժամերով նստի գիրք կարդա, նախ պետք է պայման ստեղծել, հետո կարդացող պահանջել»,- ասաց Թեկլե Վախտանգիշվիլին, հավելելով, որ անհրաժեշտ է բարձրացնել գրադարանավարների աշխատավարձերը:

Ժողովի պատգամավորներից Զաքար Զաքարյանն առաջարկեց որոշ գյուղերում գոնե մեկական սենյակ բացել, որտեղ երեխան կարողանա անվճար օգտվել համացանցից:

«Ամեն տեղ մի սենյակ լինի համակարգչով և ինտերնետով, որ երեխան նստի կարդա: Գյուղերում բոլորը ինտերնետ չունեն, խեղճ երեխան ինչի զուրկ մնա՞: Բոլոր գրքերը կան ինտերնետում, ցանկացողը կկարողանա կարդալ»,- ասաց նա:

Սակայն ժողովականները չընդունեցին վերջինիս առաջարկը, պատճառաբանելով, որ նպատակահարմար չեն գտնում:

Ինչպես գրադարանների, այնպես էլ Գավառագիտական թանգարանի վիճակը մեղմ ասած բացիթողի է: Թանգարանի տնօրեն Սեդա Համբարյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց Ախալքալաքի միակ թանգարանի անմխիթար վիճակում գտնվող տանիքի վրա:

«Անձրևների ժամանակ սկսվում է կաթոցը: Դույլեր ենք շարում թանգարնում, որ ջուրը մեջը կաթի: Բազմիցս դիմել ենք տանիքի վերանորոգման խնդրանքով, սակայն միշտ ասել են, որ դեռ համապատասխան գումար չունեն»,- ասաց Գավառագիտական թանգարանի տնօրենը:

Շրջանային ժողովի նախագահ Համլետ Մովսիսյանն առաջարկեց գրավոր դիմում ներկայացնել Վարչությանը, հարցը քննարկման դնելու համար:

Ախալքալաքի Աշուղական դպրոցը ևս բողոքում է ունեցած պայմաններից, սակայն այս հաստատությունը ևս բյուջեում չի նախատեսում հատկացումներ վիճակի բարելավման համար:

Ախալքալաքի Շրջանային ժողովի պատգամավորները իրենց խոսքում նշեցին, որ այս երեք հաստատությունների գոյությունն ինքնանպատակ է դարձել, քանզի նրանց գործնեությունը հասարակական ակտիվություն չի առաջացնում:

Հետաքրքրականն այն է, որ վերոնշյալ երեք հաստատություններն էլ 2016 թվականի բյուջեի մեջ չեն նախատեսել նշված խնդիրների լուծման ծախսը, քանզի, ներկայացուցիչների խոսքով, բյուջեում նոր ծախսեր մտցնել Վարչությունը չի պատրաստվում: Նրանք Շրջանային ժողովին ներկայացրին նախորդ տարվա բյուջեն նույնությամբ:

Աղունիկ Այվազյան