Հագուստի բաց շուկայի՝ այսպես կոչված տոնավաճառի առևտրականները բողոքում են, որ իրենց թույլ չեն տալիս առևտուր անել, իսկ այդ ընթացքում եկվոր առևտրականներն իրենց մեքենաներով քաղաքի փողոցներում ազատորեն վաճառում են հագուստ և կոշիկ:

Երեկ Ախալքալաքի տոնավաճառի վաճառականները լուսանկարներ էին ուղարկել Jnews-ի խմբագրություն, որոնցում երևում է, թե ինչպես են եկվորները քաղաքի փողոցներից մեկում վաճառում հագուստ, կոշիկ, հողաթափեր և տարատեսակ մանրուքներ:

«Եթե կա սահմանափակում, ինչու ոմանց կարելի է առևտուր անել, իսկ մյուսներին՝ ոչ: Սա անազնիվ է, մենք զրկվել ենք եկամտի միակ աղբյուրից, սպասում ենք ամեն օր, թե երբ մեզ թույլ կտան գնալ աշխատանքի: Այնպես էլ նստած ենք ասեղների վրա, իսկ այստեղ միաժամանակ երկու մեքենա կանգնել առևտուր է անում, առավոտյան մեր բակում ևս երկու մեքենա էր առևտրով զբաղվում: Նրանք բոլորը եկվորներ են, տեղի առևտրականներ չեն», – վրդովված ասում է հագուստի վաճառողուհին, ով տարիներ շարունակ առևտուր է անում Ախալքալաքի տոնավաճառում:

Aryevtur 1

Վրաստանում արտակարգ դրությունը չեղարկելուց հետո տոնավաճառի վաճառականները սկսեցին գնալ աշխատանքի, ոմանք իրենց ապրանքը վաճառքի հանեցին մասամբ, ոմանք ընդհանրապես չհանեցին, վախենալով տուգանվելուց, բայց սպասում էին տոնավաճառի տարածքում՝ տեսնելու, թե ով ինչպես է վարվում: Ոստիկանները նախազգուշացրեցին մարդկանց, որպեսզի նրանք առևտուր չանեն, հակառակ դեպքում կարող են տուգանվել: Եվ այսօր էլ, որոշ առևտրականներ գնում են տոնավաճառ, ակնկալում են ապրանքները վաճառքի հանել, եթե հանկարծ թույլ տան:

Տոնավաճառի վաճառականները պահանջում են, որ համապատասխան կազմակերպությունները լուծեն սահմանափակումների հարցը, կամ եթե արգելված է, թող բոլորին արգելեն, իսկ եթե թույլատրվում է, ապա թող բոլորն էլ առևտուր անեն: Բացի այդ, նրանք նշում են, որ տոնավաճառում նույնիսկ հանդերձարաններ չկան, և այնտեղ առևտուրը չի տարբերվում այլ թույլատրված ապրանքների առևտրից, առավել ևս, առևտուրն իրականացվում է բաց երկնքի տակ:

Հիշեցնենք, որ ավելի քան երկու ամիս է, ինչ կորոնավիրուսի համավարակի պատճառով կոշիկի և հագուստի առևտուրն արգելված է: Այս սահմանափակումն ուժի մեջ է մնում մինչև հուլիսի 15-ը, սակայն, ելնելով երկրի համաճարակաբանական իրավիճակից, հնարավոր է, որ այն ավելի վաղ վերացվի: