Մեծ ուշադրություն գյուղերի մանկապարտեզներին, միանման սնունդ տարբեր մանկապարտեզների երեխաների համար, աշխատակիցների աշխատավարձի բարձրացում և երաժշտական դասվարների աշխատավարձի նվազեցում – այսպիսի փոփոխություններ էին ներկայացված Ախալքալաքի շրջանային վարչության պատգամավորներին մանկապարտեզների բյուջեի քննարկման ժամանակ:

Նոյեմբերի 19-ին ժամը 12.00-ին Ախալքալաքի շրջանային ժողովում տեղի ունեցավ մանկապարտեզների, ինչպես նաև Ապագայի տան բյուջեի հերթական քննարկումը:

Առաջինը՝ իր հաջորդ տարվա բյուջեն ներկայացրեց №1 մանկապարտեզը: Նախնական նախագծի համաձայն անհրաժեշտ է 146 500 լարի, որի մեջ մտնում են նաև գյուղական մանկապարտեզների /բացի սննդից/ ծախսերը: Կարտիկամ, Կուլիկամ, Խանդո, Ազավրեթ, Բարալեթ ու Կոթելիա գյուղերի մանկապարտեզները ենթարկվում են №1 մանկապարտեզին:

Շրջանային ժողովի պատգամավորները նշեցին, որ №1 մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Գալստյանը պատմում ու պահանջում է ֆինանսավորում միայն քաղաքային մանկապարտեզի համար, այն դեպքում երբ գյուղական մանկապարտեզները գտնվում են շատ վատ վիճակում: Պատգամավորները պահանջեցին, որ հաջորդ անգամ ժողովին ներկայանան գյուղական մանկապարտեզների ղեկավարները: Ընդ որում գյուղական մանկապարտեզները ջեռուցվում են փայտով, իսկ փայտը որ գնում են, պատգամավորների խոսքերով` չի բավարարում: Պատգամավորներն իրենց անհամաձայնությունը հայտնեցին կապված այն բանի հետ, որ գյուղական մանկապարտեզներում բացակայում է սնունդը:

Թիվ 1 մանկապարտեզում այս տարի նորոգեցին կտուրը: Նորոգումը սկսեցին սեպտեմբերին: Աշխատանքից, որ իրականացրել է ձեռներեց Քրիստինա Սարաշվիլին, ով հաղթել էր էլեկտրոնային մրցույթը, գոհ չեն ոչ ժողովի պատգամավորները, ոչ էլ մանկապարտեզի ղեկավարությունը: Դեռ աշխատանքը չի հանձնվել, թեև աշխատանքների վերջին ժամկետը հոկտմբերի 20-ն էր: Սեպտեմբերից մանկապարտեզը չի աշխատում: Մանկապարտեզի տնօրեն Մարգարիտա Գալստյանը մտադիր է հաջորդ շաբաթ բանալ մանկապարտեզը, բայց պատգամավորները դեմ արահայտվեցին՝ պնդելով, որ այնտեղ ամեն ինչ արվել է անորակ ու խոնավությունը կարող է վատ ազդել երեխաների առողջության վրա:

Պատգամավորների քննադատությանն արժանացավ նաև մանկապարտեզներում սննդամթերքների ձեռք բերման ընդհանուր համակարգը, քանի որ նույն ապրանքը տարբեր մանկապարտեզներ ձեռք են բերում տարբեր գներով, ինչպես նաև տարբեր մանկապարտեզներում տարբեր է ճաշացանկը:

«Ինչպես եք դուք թողել, որ յուրաքանչյուր մանկապարտեզ ներկայացնում է միևնույն ապրանքի գնում տարբեր գներով, օրինակ հնդկացորենը ոմանք գնում են 5 լարիով, մյուսները 10 լարիով: Ինչու՞, որևէ մեկը կարող է գնել կարագը 6 լարիով, իսկ մյուսը 10 լարիով: Եթե 6 լարի արժողության կարագը չի կարելի տալ երեխաներին, ուրեմն այն չպետք է ձեռք բերի ոչ մի մանկապարտեզ»,- դիմեց Վարչության ֆինանսական բաժնի ղեկավարին Շրջանային ժողովի նախագահի տեղակալ Նաիրի Իրիցյանը:

Այդ ամենին նշված բաժնի ղեկավար Հովիկ Կարապետյանը տվեց հետևյալ պատասխանը.
«Յուրաքանչյուր մանկապարտեզ իրավունք ունի, եթե գումարը չի գերազանցում 5000 լարին, ուսումնասիրելով շուկայական գները` պայմանագրով ձեռք բերել սննդամթերք: Եվ գներն էլ լինում են տարբեր: Կարող է մեկը կարտոֆիլը գնել 1 լարիով, մյուսը պայմանագիրը կապում է ավելի ուշ և գինը կարող է դառնալ 1.20 կամ 80 թեթրի: Իսկ տենդերի գները նույնն են: Սակայն մյուս տարվանից բոլոր մանկապարտեզները կունենան միևնույն ճաշացուցակը ու միանման գնումներ»,- ասաց ֆինանսական բաժնի ղեկավարը:

Պատգամավորները պնդեցին նաև այն, որպեսզի կրճատվի մանկապարտեզների երաժշտության դասվարների աշխատավարձը, քանի որ նրանք գտնվում են աշխատավայրում մեկ կամ երկու ժամ, իրենց դասերի ժամանակ, և ստանում են աշխատավարձ 7 ժամյա աշխատանքային օրվա համար, չնշելով սակայն սահմանափակումները նույնանման իրավիճակի` վրաց լեզվի ու նկարչության մանկավարժների համար:

Կարճ ընդմիջումից հետո` քննարկվեց №2 մանկապարտեզի բյուջեն, որը կազմում է 133 750 լարի: Այս տարի այնտեղ մտադիր էին բանալ երկու խումբ, քանի որ նորոգվել էր 2 սենյակ ու ձեռք է բերվել կահույք, բայց չհաջողվեց բանալ: Պատգամավորները նշեցին, որ սննդի ֆինանսավորումը` 30 սանից բաղկացած խմբի համար է, սակայն իրականում խմբում 40-50 երեխա կա:

Այս տարի թիվ №2 մանկապարտեզն էլ անցկացրեց նորոգման աշխատանքներ, բայց ինչպես նշում է տնօրենը, անհրաժեշտ է նորոգել զուգարանները և ճաշարանը երկրորդ հարկում: Տնօրենը առաջարկեց, հաջորդ տարի երկու խմբակ բանալու փոխարեն` ավարտին հասցնել նորոգման աշխատանքները ճաշարանում և երկրորդ հարկի զուգարանում: Մանկապարտեզի տնօրեն Մարինա Աղաջանյանը բողոքեց աշխատակիցների ցածր աշխատավարձերից և առաջարկեց ավելացնել դրանք:

«Անկախ Վրաստան» կուսակցության պատգամավոր Մկրտիչ Մղդեսյանը պաշտպանեց առաջարկությունը: Նա ևս առաջարկեց պատգամավորներին` իրոք քննարկել նշված առաջարկությունը:
«Մանկավարժների աշխատավարձի բարձրացման համար` դուք պետք է ներկայացնեք մի փաստարկված բացատրություն, մի թերթիկ: Ոչ ոք չի մերժի, եթե դուք դուրս չգաք շրջանի բյուջեի գումարներից»,- ասաց Մկրտիչ Մղդեսյանը:

Պատգամավորները առաջարկեցին ֆինանսական բաժնի ղեկավար Հովիկ Կարապետյանին` քննարկել մանկապարտեզների մանկավարժների աշխատավարձերի 25 տոկոսով բարձրացման հարցը հաջորդ տարվա սեպտեմբերից:

Թիվ 3 մանկապարտեզի տնօրեն Լամարա Աբոյանն առաջարկեց բյուջեում բարձրացնել սննդի գումարը 4000 լարիով, քանզի նրա խոսքով ավելացել են սաների թիվը 30-40–ով: Ջեռուցման հարցը հիմնախնդրային է թիվ 3 մանկապարտեզում, համակարգը տեղադրվել է, բայց անորակ, շինությունը չի տաքանում: Պատգամավորները պահանջեցին բացատրություն, քանի որ իրենց խոսքերով` բավարար գումարներ են հատկացրել նորմալ աշխատանքի համար: Այս մանկապարտեզում է էլ են անցկացվել նորոգման աշխատանքներ, փոխվել է տանիքը, բայց նորից անորակ: Նշենք, որ №1 և №3 մանկապարտեզներում էլ նորոգման աշխատանքները իրականացրել է միևնույն ընկերությունը, ավելի ճիշտ ձեռներեց Քրիստինե Սարաշվիլին:

Պատգամավորները առաջարկեցին Լամարա Աբոյանին իր բողոքարկումները և պահանջները գրավոր ձևով ներկայացնել վերադաս ղեկավարությանը:

Հետո քննարկեցին նաև Դիլիսկա գյուղի մանկապարտեզի հարցը: Այնտեղ կարիք կա մեծացնելու հանդիսությունների դահլիճը: Բացի դրանից` տնօրենի խոսքով, գյուղում պահանջ նոր խումբ բանալու պահանջարկ կա, քանի որ 40 երեխաներ սպասում են իրենց հերթին: Եղավ առաջարկություն կառուցելու առանձին ճաշարան, քանի որ անվտանգության չափանիշներից ելնելով` գազի բալոնները պետք է լինեն ընդհանուր շինությունից հեռու:

Թեև անվտանգության միջոցների անհամապատասխանություն գոյություն ունի բոլոր մանկապարտեզներում:

Քննարկվեց նաև Ապագայի տան բյուջեն, որտեղ ծրագրվում է ավելացնել երաժշտության մանկավարժի հաստիք: Սրա վերաբերյալ` պատգամավորները առաջարկեցին փաստարկել իրենց առաջարկությունները ու ներկայացնել բյուջեում:

Շուշան Շիրինյան