Jnews-ի խմբագրությունը լուսանկարներ է ստացել Ախալքալաքի շրջանի Զակ գյուղի բնակիչներից: Նկարներից կարելի է ենթադրել, որ պլաստմասե շշերը հասել են «նավահանգիստ» և «սպասման» մեջ են: Բնակիչները դիմում են, որպեսզի համապատասխան կառույցները խնդրին լուծում տան: Ախալքալաքի Սպասարկման կենտրոնը լուսանկարներն ստանալուց հետո այցելել է Զակ գյուղ և տեղում ծանոթացել ստեղծված հակասանիտարական վիճակին:

«Եթե հնարավոր է այս հարցին լուծում տվեք: Բոլոր գյուղերից գալիս հասնում է մինչև Զակի կամուրջ, մեզ պետք է, որ այստեղից աղբը հանվի: Բոլոր գյուղերից աղբը լողալով գալիս այստեղ է հավաքվում», – գրել է Զակ գյուղի բնակիչներից մեկը, վստահեցնելով, որ իրենց գյուղում աղբը գետը չեն թափում և որ այս ամբողջը վերևի գյուղերից է գալիս ու հավաքվում:

Jnews-ը լուսանկարներն ուղարկել է Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենին պարզելու, արդյո՞ք կենտրոնը պատրաստվում է մաքրել տարածքը:

Կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանն անմիջապես արձագանքեց. «Անցած տարի ենք Զակ գյուղում աղբահանման աշխատանքներ իրականացրել, մաքրել ենք գետը և շրջակա տարածքը, սակայն դա Մերենիա գյուղի կողմերում էր: Մենք կպարզենք, թե սա որ հատվածում է գտնվում և ըստ այդմ կորոշենք ինչ անել»:

plastmasse shish

Մեկ օր անց Ախալքալաքի Սպասարկման կենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ անձամբ ինքն է գնացել և տեսել գետաբերանին հավաքված աղբը, հիմնականում պլաստմասե շշեր:

«Հիմա ես գտնվում եմ մի 600-700 մետր հեռավորության վրա, պարզապես հավաքված աղբը գտնվում է ըստ գյուղացիների «ճոճեր» կոչվող տեղանքում: Անհնար է այստեղ տեխնիկա մտցնել այն էլ այս եղանակին: Այստեղ միակ ելքն աղբը պարկերով դուրս բերելն է»,- ասաց Սպասարկման կենտրոնի տնօրեն Արմեն Բիչախչյանը:

Նշենք, որ լուսանկարերն արված են Զակ և Կոթելիա գյուղերի միջև ընկած տարածքում: Բեժանո գյուղից սկիզբ առնող գետն անցնում է՝ Բեժանո, Իխտիլա, Մերենիա, Բարալեթ, Բուղաշեն և Զակ գյուղերով, որը Ախալքալաքում միանալով Թափարվան գետին հոսում է Քուր գետը:

Թե ինչ արձագանք կլինի Վրաստանի շրջակա միջավայրի պահպանման ծառայությունում, կներկայացնենք մեր հաջորդ նյութերում:
Կարդացեք նաև՝ Աղբակույտերը՝ գյուղերի այցեքարտ

Եվրոպական ապակենտրոնացում

Գյուղերում և քաղաքում աղբահանման սակագինը նույնն է