Ըստ հուշարձանագետ Համլետ Պետրոսյանի նախնական գնահատականի՝ Ախալքալաքի շրջանի Բալխո գյուղում գտնված խաչքարը հնարավոր է 19-րդ դարի տապանաքարի մաս է: Սակայն առավել ճշգրիտ գնահատական տալու համար, անհրաժեշտ է մանրակրկիտ հետազոտություն կատարել:

«Հակված եմ մտածել, որ սա 19-րդ դարի տապանաքարի մաս է: Շատ նման է օրորոցաձև տապանաքարի բեկորի, խաչաքանդակը` գծային անկանոն կատարումով` 19-րդ դարի օրինակներին»,- Jnews-ի հետ զրույցում այսպես նկարագրեց հուշարձանագետ Համլետ Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին Բալխո գյուղում խաչքար է հայտնաբերվել, երկու 14 տարեկան աղջիկների կողմից: Աղջիկները նկատելով խաչքարն անմիջապես տեղեկացրել են իրենց ծնողներին: Այնուհետև ծնողները խաչքարը զգուշությամբ դուրս են բերել հողի տակից և կանգնեցրել:

«Խաչքարը գտել են երկու 14 տարեկան աղջիկներ շատ պատահական, հետո նրանք այդ տեղեկությունը հայտնել են իրենց ծնողներին, որոնք էլ խաչքարը հանել են գետնի տակից, նրանց կարծիքով խաչքարը ամբողջությամբ չէ։ Որևէ մեկի ցույց չենք տվել», – Jnews-ին հայտնել էր Բալխո գյուղի բնակիչներից մեկը:

Գտնվածը ոչ թե սովորական քար է, այլ՝ խաչքար: Ձևը կլորավուն է, որի վրա փորագրված է խաչ:

Արդեն մայիսի 19-ին Ջավախքի ընդհանուր առաջնորդական փոխանորդ Տեր Մաղաքիա վրդ. Ամիրյանի գլխավորությամբ, գյուղի բնակիչները խաչքարը տեղափոխել են Բալխոյի Սուրբ Հարություն եկեղեցու բակ:

Ջավախքի Բալխո գյուղում խաչքար է գտնվել (Video)

Բալխոյում գտնված խաչքարը տեղափոխվել է գյուղի եկեղեցու բակ

Խաչքարը հայկական ճարտարապետական հուշարձանի տեսակ է: «Խաչքար» բառը զուտ հայկական է՝ կազմված խաչ և քար բառերից: Այն հիմնականում ստեղծվում է հրաբխային բազալտից կամ տուֆից: Խաչքարի ներքևի մասում փորագրվում է արևի (հավերժության) խորհրդանիշը, որի կենտրոնում պատկերվում է խաչը` Քրիստոսի խաչելության խորհրդանիշը: Խաչքարը շրջեզրվում է 5 նախշով կամ խաղողի ու տերևների զարդաքանդակներով, որոնք խորհրդանշում են Քրիստոսի հարությունը:

Խաչքարերը ծառայել են որպես տապանաքար, տեղադրվել կարևոր իրադարձությունների առթիվ, ինչպիսիք են ճակատամարտերում հաղթանակները, եկեղեցիների, տաճարների, ջրատարների կառուցումը: Դրանք տեղադրվում էին սրբավայրերում, գերեզմանատներում, ճամփեզրերին, ինչպես նաև բլուրների ու ժայռերի վրա: Որոշ դեպքերում, օրինակ Գեղարդում, որն անկրկնելի ժայռափոր վանք է, խաչքարերը տեղադրված են պատերի վրա: Խաչքարերը համարվում էին սուրբ քարեր, և այն վայրերը, որտեղ տեղադրված էին դրանք` սրբատեղիներ: Խաչքարեր մեծ քանակությամբ քանդակվել են 12-13-րդ դարերի ընթացքում. բոլոր ժամանակների մեծ վարպետներ Մոմիկն ու Պողոսը խաչքարեր են արարել հենց այդ դարերում: