Միավորված ընդդիմությունը պլանավորում է հունիսի 20-ին բողոքի ցույցեր անցկացնել՝ «Գավրիլովի գիշերվա» մեկ տարին նշելու համար: Այս մասին հայտարարել է «Եվրոպական Վրաստանի» առաջնորդ Գիգի Ուգուլավան:

«Հունիսի 20-ը հույժ կարևոր ամսաթիվ է Վրաստանի նորագույն պատմության մեջ: Սա այն օրն է, երբ Վրաստանի քաղաքացիները իրենց ձայնը բարձրացրին ընդդեմ անիմաստ, անմիտ և երկրին վնասբեր զիջումների, որոնք այս կառավարությունն իրականացնում էր Ռուսաստանի առնչությամբ», – ասել է Ուգուլավան:

Դրա հետ մեկտեղ, ընդդիմադիրը նշել է, որ բողոքի ցույցի մասնակիցները հանրահավաքի ընթացքում կհետևեն անվտանգության բոլոր կանոններին:

«Կարևորն այն է, որ ստեղծվել է նոր չափանիշ, երկիրը շարունակում է ապրել, բողոքի ձևերը կարող են փոխվել, բայց ուղերձն անփոփոխ կմնա, որոշումը չի փոխվի», – հայտարարել է Ուգուլավան:

Թբիլիսիում, հունիսի 20-ին՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց ինքնաբուխ բողոքի ցույց էր սկսվել, որպես արձագանք Ռուսաստանի կոմունիստ-պատգամավոր Սերգեյ Գավրիլովի խորհրդարանում ունեցած ելույթին, որը կառավարող «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների կողմից Թբիլիսի էր հրավիրվել, որպես Ուղղափառության խորհրդարանական վեհաժողովի համանախագահ:

Նույն օրը՝ երեկոյան, խորհրդարանի մոտ հավաքվել էր առնվազն 7 հազար մարդ: Ռուսթավելիի պողոտայում ցույցը վերածվել էր անկարգությունների և ոստիկանության հետ բախումների: Արդյունքում, ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ կիրառել էր հատուկ միջոցներ՝ արցունքաբեր գազ, ջրցան, ռետինե փամփուշտներ: Ուժգին բախման արդյունքում վիրավորվել էին հարյուրավոր մարդիկ, բերման էին ենթարկվել մոտ 300 հոգի: Ծանր մարմնական վնասվածքներ էին ստացել տասնյակ մարդիկ, երկու երիտասարդ կորցրել էր տեսողությունը:

Դրանից հետո, խորհրդարանի մոտ հանրահավաքներ կազմակերպվեցին ևս երեք ամիս: Ցուցարարները պահանջում էին ներքին գործերի նախարարի հրաժարականը: Այդ ժամանակ այս պաշտոնը զբաղեցնում էր ներկայիս վարչապետ Գիորգի Գախարիան: Նրան մեղադրում էին հունիսի 20-ի գիշերը ոստիկանության կողմից ցուցաբերած գործողությունների մեջ:

Ոստիկանական ղեկավարությանը քննադատում էին այն բանի համար, որ ոստիկանները միտված կրակում էին ցուցարարների ուղղությամբ և օգտագործում էր ռետինե փամփուշտներ, որոնք նախատեսված էին խոշոր կենդանիներին վախեցնելու համար: Գախարիան, իր հերթին, հայտարարել էր, որ ոստիկանությունը գործել է օրենքի սահմաններում և կանխել է խորհրդարանի գրավումը և պետական հեղաշրջման փորձը:

Միևնույն ժամանակ, հունիսի 24-ին տեղի ունեցած բողոքի ցույցերի ճնշման ներքո իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և նրա ղեկավար Բիձինա Իվանիշվիլին անձամբ խոստացան հրաժարվել մեծամասնական խորհրդարանական ընտրություններից՝ արդեն իսկ 2020 թվականին, և ընտրությունները անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով:

Չնայած այս խոստմանը, նոյեմբերին «Վրացական երազանքը» ձախողեց համապատասխան սահմանադրական փոփոխությունները խորհրդարանում, ինչը հարուցեց ընդդիմության բողոքի նոր ալիք, որը կարողացավ պայմանավորվածություն ձեռք բերել իշխող կուսակցության հետ՝ ընտրական համակարգը մասնակի փոխելու առումով, միայն մարտի 8-ին՝ դիվանագիտական կորպուսի միջնորդությամբ: