Եթե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը աշխարհում գրանցվի և սկսվի դրա կիրառումը, Վրաստանը կդառնա տվյալ գործընթացում առաջին երկրներից մեկը: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Վրաստանի Առողջապահության նախարարության ղեկավար Էկատերինե Տիկարաձեն:

«Մենք ընդգրկված ենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից իրականացվող բոլոր ակտիվություններում: Եթե պատվաստանյութը գրանցվի, և դրա կիրառումը հնարավոր դառնա, մենք պատվաստումների գործընթացում կլինենք առաջին երկրներից մեկը», – ասել է Տիկարաձեն:

Ներկայումս տասնյակ հետազոտական խմբեր, ինչպես նաև դեղագործական և կենսատեխնոլոգիական ընկերություններ՝ ԱՄՆ-ից, Կանադայից, Հնդկաստանից, Չինաստանից և Եվրոպայից, աշխատում են կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ: Ըստ առավել լավատես կանխատեսումների՝ պատվաստանյութը հնարավոր կլինի ստանալ ոչ շուտ, քան կես տարի, այսինքն՝ աշնանը:

Նախքան արտադրության գործարկման անցումը, պատվաստանյութն անցնում է փորձարկման մի քանի փուլ: Դրանք են կենդանիների վրա լաբորատոր փորձարկումը և մարդկանց վրա փորձարկման մի քանի փուլերը: Առանց պատվաստանյութի անվտանգությունը և գործուն լինելը հաստատելու, այն չի կարող արտադրվել և օգտագործվել:

Կորոնավիրուսի առաջին դեպքը Վրաստանում գրանցվել է փետրվարի 26-ին: Մարտի 21-ից երկրի տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, որը երկարացվել է մինչև մայիսի 22-ը: Համաճարակաբանական իրավիճակը գնահատելիս կառավարությունը հետզհետե վերացնում է համավարակի պատճառով գործարկված տնտեսական գործունեության և տեղաշարժման սահմանափակումները:

Փետրվարի 26-ից մինչև մայիսի 16-ը Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 683 դեպք, այդ թվում՝ առողջացել է 419 մարդ, մահացել՝ 12-ը: Այժմ հիվանդանոցներում ստացիոնար հսկողության տակ է գտնվում 360 հոգի, իսկ կարանտինային գոտում՝ 3822:

Վրաստանի Առողջապահության նախարարը կարծում է, որ երկիրն անցել է համաճարակը՝ առանց գագաթնակետին հասնելու: Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նա նշել է, որ իրենց խնդիրն այժմ ապահովելն է, որ Վրաստանի յուրաքանչյուր շրջան ազատ լինի COVID-19-ից: