2019-2020 ուսումնական տարվա ավարտին Վրաստանում աշակերտները կգնահատվեն նոր մոդելի համաձայն` առաջնորդվելով անհատական մոտեցմամբ և հաշվի առնելով ուսումնական չափանիշները: Այս մասին այսօր հայտարարել է Կրթության նախարար Միխեիլ Չխենկելին՝ իր ոլորտի համար հակաճգնաժամային ծրագրի շնորհանդեսի ժամանակ:

Դպրոցականներին գնահատելու և տարեկան միավորը որոշելու համար ստեղծվել է երկու պարտադիր ձև՝ զարգացնող և որոշող:

Առաջին դեպքում ուսուցիչները պիտի նկարագրեն յուրաքանչյուր աշակերտի առաջընթացը և զարգացման դինամիկան մեկ տարվա ընթացքում: Ենթադրվում է, որ դա կօգնի պլանավորել արդյունավետ աշխատանքային պրոցեսը հաջորդ տարվա դասերի ժամանակ:

Ինչ վերաբերում է որոշող գնահատականին, ապա այս դեպքում ուսման որակը վերահսկվում է համաձայն ազգային ուսումնական ծրագրի: Աշակերտների գիտելիքների մակարդակը գնահատվում է ըստ առկա բալային համակարգի:

Աշակերտներին 2019-2020 ուսումնական տարվա առարկաների գնահատակնները կնշանակվեն մի քանի եղանակով.

Ըստ առաջին կիսամյակում ստացած ընդհանուր միավորների և երկրորդ կիսամյակի վեց շաբաթվա ընթացքում ստացված ընդհանուր միավորների:

Ելնելով այն հանգամանքից, որ հինգերորդ դասարանցիներին սկսում են միավորներ նշանակել երկրորդ կիսամյակից, նրանց առարկաների վերջնական գնահատականները երկրորդ կիսամյակի վեց շաբաթվա ընթացքում ձեռք բերված գիտելիքների հիման վրա կհաշվարկվեն:

Այն դեպքում, եթե աշակերտն առաջին կիսամյակում չունի գնահատական, նրա միավորները որոշվելու են երկրորդ կիսամյակի վեց շաբաթվա ընթացքում ձեռք բերված գիտելիքների և հեռավար ուսուցման գործընթացի հիման վրա:

Չխենկելին նշել է, որ հեռավար ուսուցման շնորհիվ բոլոր երեխաները հնարավորություն ունեցան շարունակել ուսումը՝ առանց խոչընդոտների: Ելնելով այս իրավիճակից և ստեղծել է գնահատման նման մոդել:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով, մարտի 2-ին, ուսումնական գործընթացը կասեցվել էր ինչպես Վրաստանի դպրոցներում, այնպես էլ համալսարաններում: Ուսումնական պրոցեսի վերսկսման ամսաթիվը երեք անգամ հետաձգվել էր: Վարչապետ Գիորգի Գախարիան ապրիլի 24-ին հայտարարել էր, որ Վրաստանում բոլոր կրթական հաստատությունները կմնան փակ մինչև սեպտեմբեր:

Դպրոցները, համալսարանները և քոլեջները անցել են հեռավար ուսուցման: Վրաստանում ներդրված մոդելը բարձր է գնահատվել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) կողմից:

Մարտի 30-ին Կրթության նախարարությունը և Վրաստանի Առաջին ալիքը սկսել են «Հեռուստադպրոց» նախագիծը, որը կոչված է աշակերտներին օգնելու հետ չընկնել ուսումնական ծրագրից և կարանտինի ընթացքում հեռավար կարգով սովորել: Այն ներառում է հեռուստատեսային դասերի հեռարձակում հանրային դպրոցների բոլոր դասարանների աշակերտների համար:

Հեռուստատեսային դասերը դասավանդում են փորձառու մանկավարժները: Նախագիծն ընդգրկում է ինչպես վրացական, այնպես էլ ոչ վրացական (հայկական, ադրբեջանական) դպրոցների աշակերտներին: Ենթագրերը (սուբտիտրեր) մատչելի են բոլոր դասընթացների համար: