Վրաստանի Պետական Անվտանգության Խորհրդի ժամանակ, նոյեմբերի 18-ին, աշխարհում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակից ելնելով, որոշվել է խստացնել ռազմավարական նշանակության օբյեկտների պաշտպանությունը և պետական սահմանների վերահսկողությունը:

Պետական Անվտանգության Խորհուրդը հավաքվեց նոյեմբերի 18-ին, նիստի հիմնական թեման էր Վրաստանի անվտանգությունը աշխարհում ստեղծված իրավիճակի պայմաններում:

«Նիստի ընթացքում նշվել է, որ Վրաստանը գտնվում է իր ռազմավարական գործընկերների հետ տեղեկատվության փոխանակման մշտական ռեժիմում», – գրված է Վրաստանի վարչապետի վարչության մամլո հաղորդագրությունում:

«Նոյեմբերի 18-ի վաղ առավոտյան ուժի մեջ է մտել աֆրիկյան և ասիական երկրների քաղաքացիների դեպի Վրաստան մուտքի վերահսկողության խստացման ուղեցույցը: Մենք առավելագույնս ձգտում ենք, որպեսզի մեր երկիրը չօգտագործվի որպես տարանցիկ տարածք այն անձանց համար, ովքեր ցանկանում են միանալ Սիրիայում կռվող ահաբեկչական կազմակերպությունների շարքերին: Տասնյակ անձանց համար արդեն սահմանափակումներ են մտցվել Վրաստան մուտք գործելու համար: Բոլոր վերահսկող անցակետերում խստացված է վերահսկողության ռեժիմը», – Պետական Անվտանգության Խորհրդի նիստից հետո հայտարարել է Պետանվտանգության Ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրին, ինչպես տեղեկացնում է Վրաստանի Հայ Համայնքը:

Նոյեմբերի 18-ի առավոտյան Բաթումում ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի անօրինական զենք Վրաստան մտցնելու համար: Աջարիայի Ինքնավար Հանրապետության Ներքին Գործերի նախարարության տարածած հայտարարության համաձայն, Թուրքիայի քաղաքացի Քերիմ Ս.-ն անօրինականորեն Վրաստանի տարածք է մտցրել թուրքական արտադրության հրացան, ինչպես նաև 15 փամփուշտ: Հաստատվել է, որ զենքը մտցվել է Թուրքիայի տարածքից»: