Հայաստանում վարակման դեպքերի նոր ռեկորդ է գրանցվել՝ 180 դեպք մեկ օրում: Մայիսի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 3718-ի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Հայաստանում պետք է պահվեն հակահամաճարակային միջոցառումները, հակառակ դեպքում Կառավարությունը ստիպված կլինի կրկին սահմանափակումների գնալ, ինչը խիստ անցանկալի է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ կորոնավիրուսի ճգնաժամը ծավալվում է ամբողջ թափով։

«Վերջին օրերին մենք օրական 100-ից ավելի կորոնավիրուսով վարակվածության դեպքեր ենք ունենում: Եթե դեպքերն այս տեմպով ավելանան, մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների: Դրանց նպատակն այն է լինելու, որ հանկարծ չունենանք այնպիսի իրավիճակ, որ բուժօգնության կարիք ունեցող որեւէ քաղաքացի մնա առանց բուժօգնության»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ այս իրավիճակից կարելի է խուսափել բոլորի անհատական պատասխանատվության շնորհիվ:

«Քանի որ կորոնավիրուսը նավազագույնը մեկ տարի մեր կողքին է լինելու, մեր մարտավարությունը հետեւյալն է՝ սովորել ապրել դրան զուգահեռ: Բայց դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել ու վարակել, ճգնաժամ ստեղծել»,- նշել է նա՝ կոչ անելով խստիվ հետեւել հակամաճարակային կանոններին:

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը 48 է: Ըդհանուր առմամբ, առողջացել է 1500 պացիենտ։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2149 պացիենտ: Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է 34 766 թեստավորում: